Մոսկվան ինչ-որ ձևերով անպայման հայկական կողմին ցույց կտա իր դժգոհությունը

Բացարձակ որևէ օգուտ չեմ տեսնում Ռուսաստանի անդամակցության չվերականգնման դեպքում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեին քննարկումից հետո ընդունել է բանաձև, որով հաստատել է ՌԴ պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ։ Նախքան այդ՝ քվեարկության էր դրվել Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնելու բանաձևը։ Գրեթե  ողջ Եվրոպան աջակցել էր բանաձևին։ ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել  բանաձևին, քվեարկության իրավունք ունեցող մյուս իշխանական  պատգամավորը՝ Հովհաննես Իգիթյանը, չէր մասնակցել քվեարկությանը, կողմ էին եղել  ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը։ Թեև ավելի ուշ Ռ. Ռուբինյանը հայտարարել էր, որ քվեարկության ժամանակ սխալմունք է տեղի ունեցել, բայց Հայաստանում այն տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակների քայլերի, դրանց՝ Հայաստանի վրա  հնարավոր ազդեցությունների մասին։

Panorama.am- Ինչի՞ էին ուզում հասնել ԵԽԽՎ-ում հայ պատգամավորները բացակա լինելով կամ ՌԴ անդամակցության դեմ քվեարկելով, թեև հետո հնչեց պարզաբանում։

Գ. Համբարյան-Իշխանության ներկայացուցիչներից մեկն ընդհնարապես չեկավ քվեարկության, դրանով երևի թե բացահայտ ցույց տալով, որ դեմ է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնմանը։ Իսկ մյուսը՝ Ռուբեն Ռուբինյանը, բացահայտ ոչ է քվեարկել։  Շատ տխուր էր ունկնդրել Ռուբեն Ռուբինյանի շատ մանկամիտ, ոչ պրոֆեսիոնալ և իրեն ու Հայաստանն ավելի նվաստացնող պատճառաբանությունը, որ ինքը կնոպկա է սեղմել, ինչպես ինքն է ուզում ներկայացնել։ Այդ ամենը բացահայտվեց այն բանից հետո, երբ ռուսական ԶԼՄ-ները սկսեցին տեղեկատվություն տալ, թե կոնկրետ որ երկրի պատվիրակությունն ինչպիսի դիրքորոշում է դրսևորել։ Եթե  ռուսական կողմը չհայտներ, թե պարոն Ռուբինյանն ինչպես է քվեարկել, երևի թե նա չբացատրեր էլ։ Ինչքան ես հասկանում եմ, լավ էլ կողմ է եղել, որ ռուսական պատվիրակության ձայնի իրավունքները չվերականգնվեն։
Կալաշնիկովի հետ նկարվելը շատ մանկամիտ է, թույլ է, քայլեր են, որոնցով որևէ բան չես փոխի։ Ավելի լավ կլիներ պարոն Ռուբինյանն ընդհանրապես չմեկնաբաներ իր վարքագիծն ու քվեարկությունը։

Մոսկվայում այդքան միամիտ չեն, որ հանկարծ ընդունեն պարոն Ռուբինյանի բացատրությունները։ Կոպիտ, հերթական սխալներից մեկն է, որն անում է Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքականության ոլորտում։ Իհարկե, Մոսկվան այս պահին չի արձագանքի, բայց ինչ-որ ձևերով անպայման հայկական կողմին ցույց կտա իր դժգոհությունը։
Մենք ի՞նչ խնդիր ունեինք Ռուսաստանի հետ, որ պարոն Իգիթյանն ընդհանրպես չի գնում քվեարկության, իսկ պարոն Ռուբինյանն էլ միամտաբար «ոչ»-ն է սեղմում։ Սա մտորելու տեղիք է տալիս։ Հետագայում զարմանում ենք, որ Ռուսաստանից ինչ որ մեսիջներ են գալիս գործող իշխանություններին, և դրանով ցույց է տրվում նրանց դժգոհությունը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Panorama.am- Արդյո՞ք դա Հայաստանի այժմյան կառավարության քաղաքականությունն է, թե՞ աններելի ոչ պրոֆեսիոնալիզմ։

Գ.Համբարյան- Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանություններն ուղղակիորեն առաջնորդվելով ներկուսակցական, ներիշխանական ժողովրդավարության տարրական աբսուրդի հասնող գործողություններ են կատարում, նույն հարցի վերաբերյալ մեկը մյուսի հետ չհամաձայնեցված կարծիքներ են հայտնում, որը վերաբերվում է ոչ միայն իշխանությունների միջին և ցածր օղակներին, նաև բարձր, դրա համար չեմ էլ զարմանա, որ սա զուտ պարոն Ռուբինյանի և պարոն Իգիթյանի անձնական տեսակետներն են։ Նրանք իրենց գործունեության ընթացքում երբևէ չեն թաքցրել, որ բացահայտ արևմտամետ կողմնորշում ունեն։ Բայց, ամեն դեպքում, իրենք չեն ներկայացում ինչ-որ քաղաքական թիմ, հասարակական կազմակերպություն, որ գնան և ԵԽԽՎ-ում իրենց ձայնն օգտագործեն անձնական կամ սեփական թիմի շահերից դուրս ելնելով։ Դա նորմալ չէ, առավել ևս նորմալ չէ, երբ այդպիսի գործելաոճ է դրսևորվում ինչպես պարոն Փաշինյանն է ասում, մեր թիվ մեկ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, որի հետ  իրենք որևէ խնդիր չունեն։ Ինչքան էլ հայտարարենք, որ որևէ խնդիր չունենք պաշտոնական Մոսկվայի հետ, այսպիսի քվեարկությունը, պաշտոնական Մոսկվայի բազմաթիվ մեսիջները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ռուսաստանի  միջև կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև շատ լուրջ։

Panorama.am- Պարոն Համբարյան, արդյո՞ք Հայաստանի նման ցուցադրական քաղաքականությունը բխում է հենց ՀՀ շահերից։

Գ.Համբարյան-Հարցը ոչ թե շահերից բխելն է, նաև քաղաքական կուլտուրան է։ Եթե հայտարարում ենք, որ որևէ խնդիր չունենք պաշտոնական Մոսկվայի հետ, բայց ԵԽԽՎ-ում մեր 4 հոգանոց պատվիրակությունից նույն իշխանության երկու ներկայացուցիչները բացահայտ դեմ են Ռուսաստանի պատվիրակության ձայնի վերականգնմանը, արդեն անտրամաբանական է։ Եթե ունենք խնդիրներ, բարձրաձայն ասեք, եթե չունենք, ապա մեր գործողությունները պետք է համապատասխանեն մեր խոսքերին։

Panorama.am-Ի՞նչ  կտա Հայաստանին  Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադառնալը կամ չվերադառնալը։

Գ.Համբարյան-Բացարձակ որևէ օգուտ չեմ տեսնում Ռուսաստանի անդամակցության չվերականգնման դեպքում։  Եթե Ռուսաստանի պատվիրակությունը չլինի,  ի՞նչ օգուտ դրանից Հայաստանին։ Հասկանում եմ, որ Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան,  Լեհաստանը, Սլովակիան, Ուկրաինան, որոնք բացահայտ հակառուսական արտաքին քաղաքականություն են վարում, օգուտ ունեն այնքանով, որ քննարկվելիք հարցերի դեպքում ռուսական պատվիարկության ձայները չի գնա նրանց կողմից առաջադրկված բանաձևի դեմ կամ Ռուսաստանն արտահայտվելու հարթակ չի ունենա։ Բայց մենք գոնե պաշտոնական մակարդակով հայտարարում ենք, որ  Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունենք և այսպիսի քայլեր ենք անում, արդեն չի հասկացվում։ Ինչ վերաբերում է  օգուտին, եթե վաղը, մյուս օրը քվեարկություն լինի, իհարկե, այս քայլից հետո չգիտեմ՝ ռուսական կողմի ձայներն ինչպես կբաշխվեն, եթե քվեարկությունները վերաբերեն Հայաստանին կամ Արցախին, ապա մենք հաստատ համոզված կարող էինք լինել, որ Ռուսաստանի բավականին բազմամարդ պատվիրակության ձայները Հայաստանի օգտին կգնային։