Երաժշտության դասերն օգնում են ավելի լավ սովորել դպրոցում. գիտնականներ

Մանրամասներ

Փիթեր Գուզուասիսը (Peter Gouzouasis) Բրիտանական Կոլումբիայի համալսարանից (Կանադա) եւ նրա գործընկերները ուսումնասիրել են  ավելի քան 100 հազար բարձրդասարանցիների ուսման հաջողությունները, որոնք ավարտական կամ միջանկյալ քննություններ էին հանձնում։ Նշվում է, որ փորձի ենթարկվողների 13 տոկոսը զբաղվել է երաժշտությամբ։

Պարզվել է, որ ուսումը երաժշտական դպրոցում դրականորեն է անդրադարձել մաթեմատիկայում, ֆիզիկայում, կենսաբանությունում, ինչպես նաեւ հումանիտար առարկաներում ուսման առաջադիմության վրա։ Ընդ որում՝ հետաքրքիր օրինաչափություն է պարզվել՝ երաժշտական գործիքներ նվագող դպրոցականներն ավելի լավ են հանձնել քննությունները նրանց համեմատ, ովքեր վոկալի դասեր են առել։ Հատկանշական է, որ ուսման առաջադիմությունը դպրոցում ուղղակիորեն կապված է երաժշտական ոլորտում հաջողությունների հետ։

Գիտնականները չեն բացառում, որ նոտաներ կարդալը եւ լավ նվագել կարողանալը երաժշտական կոլեկտիվներում դրականորեն են ազդում երեխայի ինքնազարգացման վրա, գրում է news.am:

Հետազոտության տվյալները հրապարակվել են Journal of Educational Psychology ամսագրում։