«Մեր թասիբի հարցն է». հայտնի մարդիկ պաշտպանում են Խաչատուրյան քույրերին

Խաչատուրյան քույրերի դեպքին է անդրադարձել նաև System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը

2018 թվականի հուլիսի 27-ին իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի ճակատագիրը համացանցում բուռն բանավեճերի թեմա է դարձել։ Աղջիկներին` Քրիստինային, Անգելինային և Մարիային, նախնական համաձայնությամբ սպանություն իրագործելու մեղադրանք է առաջադրվել, որով նրանց 8-20 տարվա ազատազրկում է սպառնում։ Շատերը, այդ թվում նաև ճանաչված մարդիկ, համարում են, որ ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ նման խիստ դատավճիռ կիրառելը սխալ է։

Առաջիններից մեկն արձագանքել է Քսենյա Սոբչակը։ Հունիսի 18-ին նա իր «Кровавая барын» telegram ալիքում գրել է` եթե Խաչատուրյան քույրերին նստեցնեն նրանց վերագրվող հոդվածով, խայտառակություն կլինի ռուսական արդարադատության համար։

«Բոլոր ողջամիտներին կոչ եմ անում ուշադրություն դարձնել Խաչատուրյան քույրերի գործին, կոչ եմ անում հայկական սփյուռքին հրաժարվել «հայ տղամարդն այդպես չէր կարող վարվել, սա զրպարտանք է» դիրքորոշումից, կոչ եմ անում հասարակ քաղաքացիներին, ոչ միայն իրավապաշտպաններին, ակտիվիստներին և լրագրողներին, պաշտպանել Խաչատուրյան քույրերին։ Մենք չպետք է թույլ տանք, որ զոհերը մեղավոր ճանաչվեն», – ընդգծել է նա։

Ամենահուզիչ գրառումը հրապարակել է ռուսաստանաբնակ գրող, «Արարում» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարինե Աբգարյանը։

«Աղջիկներին, որոնց կյանքը դժոխքի էր վերածել հայրը, մեղադրում են, որ թույլ չեն տվել ոչնչացնել իրենց։ Եթե օրենսդրության մեջ չկա ընտանեկան բռնությունից պաշտպանելու մասին վերագրվող հոդված, ապա այն պետք է անհապաղ վերանայել ու մշակել, իսկ այս` իր դաժանությամբ և անարդարությամբ չլսված պատմությունը պետք է դատական նախադեպ դառնա», – Facebook–ի իր էջում գրել է նա։

Նա ընտանեկան բռնության մասին մի քանի սարսափելի դեպք է պատմել, որտեղ զոհը, աջակցություն և փոխըմբռնում չգտնելով ո՛չ իրավապահ մարմիններում, ո՛չ ծանոթների շրջանում, ծայրահեղ քայլերի է դիմել։

«Անձամբ ես շատ եմ սպասում հայերի արձագանքին։ Սփյուռքի և ոչ միայն։ Սա մեր ընդհանուր պատասխանատվությունն է, մեր թասիբն ու մեր պատվի հարցը», – գրառման վերջում նշել է Աբգարյանը։

Խաչատուրյան քույրերի դեպքին է անդրադարձել նաև System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Բարդ գործ է, որտեղ զոհը միայն սպանվածը չէ։ Սա վառ օրինակ է, թե ինչպես կանանց և երեխաների նկատմամբ անպատժելի մնացած բռնությունը կարող է դաժան վրեժխնդրության հանգեցնել», – գրել է նա։

Սոցցանցերում տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, որ Խաչատուրյան քույրերին ուղղված աջակցության ակցիաներ են անցկացնում նաև ակտիվիստները։ Դրանք կարելի է գտնել հետևյալ հեշթեգերով` #сестрыхачатурян #пикет #Я/мы сестры Хачатурян։

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին, գրում է armeniasputnik.am: