Գործը շատ խճճված է

Չեմ պատկերացնում մի պետություն, որտեղ սպանվածներ կան, և եթե սպանողները կան, հրաման տվողները կան, ու գործը չբացահայտվի

Մարտի 1-ի գործը իր քաղաքական և իրավական բոլոր բարդություններով հանդերձ նախևառաջ ծանր հիշողություն է կորսված կյանքերի, խեղված ճակատագրերի մասին: Հենց այս իրողությամբ այսօր դժվար է պատկերացնել քարոզչական մանիպուլյացիաներով ու սպառնալիքներով, անձնական, երբեմն կեղտոտ հաշվենկատությամբ ուղեկցվող դատավարություն, որին մասնակցում է նաև զավակին կորցրած ծնողը կամ Մարտի 1-ի սպանդից հրաշքով փրկվածը: Այսօր «Առաջին լրատվական»-ը հրավիրել է մարդկանց, ում հանրությունը ճանաչում է հենց Մարտի 1-ի չբացահայտված գործով. նրանք են՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը և Մարտի 1-ի դեպքերից տուժած Անդրանիկ Հարությունյանը:

Սարգիս Քլոյանը, ով մասնակցում էր Քոչարյանի և մյուսների գործով դատական վերջին նիստերին, նշեց, որ նախկինում ուրիշ կարծիք է ունեցել դատարանի մասին, այժմ կամաց-կամաց փոխվում է: «Հիմնականում խոսում էին Քոչարյանի պաշտպանները,  դատավորն արգելում էր, նրանք չէին ենթարկվում, մատ էին թափ տալիս դատարանի վրա, ուզում էին, որ դատական նիստերը ձգձգվեն: Փաստաբան Սահակյանն ասաց, որ այս գործը շատ խճճված է, տարիներ էլ անցնեն, չի բացահայտվի: Ես նրան հակառակվեցի՝ ասելով, որ չեմ պատկերացնում մի պետություն, որտեղ սպանվածներ կան, և եթե սպանողները կան, հրաման տվողները կան, ու գործը չբացահայտվի»: Սարգիս Քլոյանը նաև ընդգծեց, որ ինքը Մարտի 1-ի մասնակից է և կարող է պնդել. «Քոչարյանը թիվ մեկ հանցագործն է, նա պետք է կալանավորվի»:

«Լավ կլիներ, որ դատի ժամանակ նաև ամբաստանյալ Քոչարյանը նստած լիներ, որ կարողանայինք հարց տալ նրան, ու ինքը պատասխաներ հարցին, ոչ թե փաստաբանները: Փաստաբաններ չեն դատարանում, կինո է, շոու, ո՞վ է տեսել դատավորին ասեն՝ դու մեր զուռնի տակ պիտի պարես, չպարեցիր, լավ չի լինի քեզ համար»,- նշեց Վաչագան Ֆարմանյանը:

Անդրանիկ Հարությունյանը հիշեց, որ Մարտի 1-ին վիրավորում է ստացել Մաշտոցի պողոտայում. «Այդ ժամանակ 17 տարեկան էի… ժողովրդին ծեծում էին, փշալարերով փակել էին փողոցը, դիմացից ջրցան էին միացրել, ու սադրիչներ էին բերել: Նրանք եկել էին հատուկ ջարդելու, գողանալու: Եղբորս հետ էի, նրան ուղարկեցի մի կերպ, հետո դիմացիս տղային կրակեցին, զոհվեց… Ես վիրավորվել եմ, երբ որ դիմացից՝ ոստիկանների կողմից կրակեցին, ինչ-որ պայթյունի նման բան  եղավ, կպավ երեսիս ու ընկա: Ինձ տարան հիվանդանոց, այտոսկրս պետք է վիրահատեին, բայց ոստիկաններն ինձ գողացան, տարան դատախազություն, նույնիսկ ցավազրկող չէին տալիս, իսկ ես ուժեղ ցավի մեջ էի… Ստիպում էին կեղծ ցուցմունք տալ, վախեցնում էին՝ ասելով՝ եղբայրդ բանակից չի գա տուն և այլն»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ փաստաբաններն ասում են, թե Մարտի 1-ի տուժողները և զոհվածների հարազատները օգտագործվում են որոշ մարդկանց կողմից՝ սեփական նպատակներին հասնելու համար, Ս. Քլոյանն ընդգծեց. «Մեզ չեն շահագործում, մենք՝ բոլոր ծնողներով 11 տարի միասնական ենք եղել, մեզ նախկինում փորձել են կաշառել, բայց չենք կաշառվել, մենք պայքարել ենք հանուն արդարության, որպեսզի մեղավորները խստագույնս պատժվեն»: «Մենք արյուն ծախող չենք… Ես 33 տարեկան տղա եմ կորցրել…»,- հավելեց Վ. Ֆարմանյանը: