Կորցրել է հետաքրքրությունը Վենեսուելայի հանդեպ

Ամենայն հավանականությամբ այստեղ խոսքը տեւական ու հետեւողական ճնշման մասին է լինելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցրել է հետաքրքրությունը Վենեսուելայի հանդեպ։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը, վկայակոչելով իր իրազեկ աղբյորներին։ Ըստ հաղորդման, վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն եւ իր թիմակիցները համոզել էին Թրամփին, որ տեղում ունեն լայն աջակցություն բնակչության շրջանում եւ կառավարության ներսում եւ կկարողանան դյուրությամբ հեռացնել Մադուրոյին իշխանությունից։ Թրամփի հաշվարկը եղել է այն, որ կարողանալով հաղթել Վենեսուելայում, նա այն կփաթեթավորեր որպես իր նվաճումը եւ կներկայացներ որպես արտաքին քաղաքական ձեռքբերում։ Սակայն մի շարք խոշոր ձախողումներից հետո, որոնք կրել են վենեսուելական ընդդիմադիրները, Թրամփը կորցրել է հետաքրքրությունը Վենեսուելայի հանդեպ, թեեւ երբեք էլ Ամերիկայում չեն ասում, թե իրենց ջանքերը Վենեսուելայում միայն մեկ փուլով կսահմանափակվեն։ Պարբերականի աղբյուրը փոխանցել է, որ ամենայն հավանականությամբ այստեղ խոսքը տեւական ու հետեւողական ճնշման մասին է լինելու։