Եթե Վճռաբեկ դատարանն է կասեցնում ու դիմում ՍԴ, ի՞նչ է անում դատախազությունը

Դատարանն այլընտրանք չուներ

ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տրամաբանության ներքո դատարանի կողմից դատական վարույթի կասեցումը և ՍԴ դիմում ներկայացնելն ինքնին բողոքարկման ենթակա ակտ չէ, այն չի կարող նույնացվել  ցանկացած այլ տեսակ կասեցման երևույթի հետ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի,  քննվում էր Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված բողոքները։ Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են  մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։

«Մեծ ցավ եմ ապրում, որ նշված  հարցը նախագահող դատավորի նախաձեռնությամբ առհասարակ քննության առարկա չդարձավ պաշտպանական կողմի դիրքորոշումների լույսի ներքո։ Հայաստանի օրենսդրությունը  դատարանների համար, այն դեպքերում, երբ կայացվում է  որոշում կասեցնելու մասին, մեկ  պարտականություն է նախատեսում՝ կայացնել նման որոշում և երեքօրյա ժամկետում փոխանցել ՍԴ։

Օրենսդիրը նաև նախատեսել է մեխանիզմը, թե կասեցնելուց հետո երբ է վերսկսվելու գործի վարույթը։ Մեկ դեպքում է  վերսկսում՝ ՍԴ որոշումից հետո, քանի որ որևէ այլ մարմին սահմանադրականության վերաբերյալ վերջնական լուծում չի կարող տալ»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, ՍԴ-ն իր որոշումներից մեկով նշել է, որ դատարանները ոչ թե հայեցողություն ունեն պարզելու՝ արդյոք սահմանադրականության  խնդիր կա, թե չէ, եթե նման հիմքեր կան, այլ պարտավոր են դիմել ՍԴ։

«Դատարանն այլընտրանք չուներ, քանի որ  այստեղ առկա է ակնհայտ հիմնավոր կասկած Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի և  անձեռնմխելիության վերաբերյալ, որոնցից որևէ մեկի վերաբերյալ ՍԴ վերջնական,  համապարտադիր որոշում առկա չէ։ Հետևաբար, դատարանի նման գործողությունը Վերաքննիչ դատարանում  քննարկման առարկա դարձնելն առհասարակ իրավական համաչափություն չունի։ Ամենակարևորը՝ ինչպես կարող է Վերաքննիչ քրեական դատարանը մեկնաբանել արդյո՞ք սահմանադրականության խնդիր կա, թե ոչ, այն պարագայում, երբ յուրաքանչյուր դատարան ունի հնարավորություն որոշելու՝ արդյո՞ք կա սահմանադրականության խնդիր և դիմի ՍԴ, թե ոչ»,- ասաց Ա. Վարդևանյանը։ 

Նա նաև հարցադրում արեց. եթե Վճռաբեկ դատարանն է կասեցնում ու դիմում ՍԴ,  որն, ի դեպ, բազմիցս կիրառվում է, ի՞նչ է անում դատախազությունը։ Փաստաբանն ասաց, որ ՍԴ-ն մեկ ամսով երկարաձգել է բողոքի նախնական ուսումնասիրման ժամկետը։

«Եթե մենք պնդում ենք, որ այստեղ որևէ սահմանադրականության խնդիր չկա,  անհիմն էր դատարանի կողմից վարույթի կասեցումը և դիմում  ներկայացնելը ՍԴ, այդ դեպքում, կարծում եմ, որ 10 օրը բավարար կլիներ այդ ակնհայտ անհիմն դիմումի վրա որոշում կայացնելու համար,  բայց ՍԴ-ն հավելյալ  30 օր ժամկետ է  վերցրել լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու հմար։ Սա նշանակում է, որ վեճի առարկան այնպիսին է, որ նույնիսկ ՍԴ հավելյալ ժամկետի անհրաժեշտություն է տեսնում ուսումնասիրությունների համար։ Սա ևս մեկ ազդակ պետք է հանդիսանար կասեցնելու որոշման հիմնավորվածության տեսանկյունից, ոչ թե հակառակը։ Իսկ մեղադրական կողմից որևէ մեկը դրան անդրադարձ չկատարեց, ինչը կբխեր օրինականության սկզբունքի հրամայականից։ Բավականին ցավալի իրավիճակ է»,- ասաց Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։