Խստիվ դատապարտում ենք Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի քայլը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն Աթենքում հանդիպել է միայն ՀՅԴ անդամներին

Խստիվ դատապարտում ենք  ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի քայլը եւ պահանջում ենք ՀՀ ԱԳՆ նախարարի  եւ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գնահատականը: Այս մասին հայտարարություն են տարածել Հունաստանի հայկական համայնքի մի քանի կազմակերպություններ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն Աթենքում հանդիպել է միայն ՀՅԴ անդամներին:

Աթենքում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ հանդիպումից հետո, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլեանի ուղեկցությամբ հանդիպել են ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի,  հունիսի 17-ի երեկոյան: Վահագն Մելիքյանը եւ Ֆադեյ Չարչօղլեանը ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի նստավայրում շուրջ երկու ժամ բովանդակալից զրույց են ունեցել ՀՅԴ անդամների հետ:

Քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ, խոսել են Արցախի հիմնահարցի եւ Հայ Դատի հետապնդման աշխատանքների, միջազգային հարթակներում  Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովուրդի շահերը ներկայացնելու մասին: ՀՅԴ-ի հրապարակած հայտարարության համաձայն, նրանք կարծիքներ են փոխանակել նաեւ Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ: 

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հայ համայնքում գործող  ոչ մի այլ կազմակերպության կամ կուսակցության հետ հանդիպում չի ունեցել:

Դեսպան Ֆադեյ Չարչօղլեանը 2018թ․ ապրիլ-մայիսյան Համաժողովրդային շարժման օրերին հնարավոր բոլոր միջոցներով խոչնդոտել է շարժմանը սատարող հայ համայնքի ներկայացուցիչներին եւ կազմակերպություններին` բացահայտ թշնամանք դրսեւորելով:  Այս ամենի մասին բազմիցս եղել են հրապարակումներ Հայաստանի եւ Սփյուռքի մամուլում:

Թերեւս, զարմանալի չէ դեսպանի այսօրինակ վարքագիծը, նա, բնական է, հեռանալուց առաջ իր մաղձն է թափում հայ համայնքի վրա: Զարմանալի չէ նաեւ Հունաստանի դաշնակցականների կեցվածքը, որոնք արհամարելով համայնքի ցանկություններն ու ձգտումները 2018 թ․-ի ապրիլ-մայիսին բացահայտ պաշտպանում էին ՀՀ նախկին կոռուպցիոն իշխանություններին:

Անհասկանալին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի պահվածքն է, որ Նոր Հայաստանի պայմաններում, շարունակում է դրսեւորել հին իշխանություններին հատուկ խտրական եւ վնասաբեր գործելաոճը` վնասելով Հայաստանին, Սփյուռքում խորացնելով առանց այդ էլ քայքայված հայ համայնքի պառակտումը։

Մենք խստիվ դատապարտում ենք  ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի քայլը եւ պահանջում ենք ՀՀ ԱԳՆ նախարարի  եւ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գնահատականը այսօրինակ գործողությունների նկատմամբ:

Հայկական ժողովրդային Շարժում

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Հայ- հունական ուսումնասիրությունների կենտրոն

«Հայաստան» հասրակական մշակութային կենտրոն