Գիտնականները սմարթֆոններից անսպասելի վնաս են հայտնաբերել

Գաջեթների օգտագործումը երիտասարդների մոտ գանգի հիմնամասում ոսկրային ելուստների առաջացման է հանգեցնում

Գաջեթների օգտագործումը երիտասարդների մոտ գանգի հիմնամասում ոսկրային ելուստների առաջացման է հանգեցնում: Նման անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել ավստրալացի գիտնականները:

University of The Sunshine Coast-ից Դեւիդ Շահարը պատմել է, որ արդեն 20 տարի  բժիշկ է աշխատում եւ վստահ կարող է ասել, որ նման ելուստները  սկսել են հենց վերջին շրջանում հանդիպել:

Մասնագետները ուսումնասիրել են 1200 ռենտգենյան նկարներ եւ նման ոսկրային անոմալիա են հայտնաբերել 18-30 տարեկան մարդկանց 41 տոկոսի մոտ: Մի մասը անգամ 10 մմ երկարություն է ունեցել, մյուսները՝ 3 սմ: Ելուստներն առաջանում են արտաքին ծոծրակային թմբում, որին ամրանում  են որոշ պարանոցային կապեր եւ մկաններ:

Մասնագետների խոսքով՝ ելուստները, որոնք կոչվում են էնտեզոֆիտներ, առաջանում են երկարատեւ մկանային լարվածությունից: Նախկինում դրանք այդքան հաճախ չէին հանդիպում, բայց այժմ դրանք ավելի հաճախ են հանդիպում՝ գաջեթների տարածվածության պատճառով:

Դրանց առաջացմանը նպաստում է սխալ կեցվածքը, երբ մարդը գլուխն առաջ  է ձգում: Էնտեզոֆիտների երկարության վրա կարող է ազդել նաեւ գենետիկ նախատրամադրվածությունը եւ օրգանիզմում բորբոքային գործընթացները:

Ելուստներն իրենց բնույթով վնասակար չեն, սակայն դրանք կարող են ավելի լուրջ խնդրի նախանշան լինել, գրում է med.news.am:

 Սխալ կեցվածքի պատճառով օրգանիզմի փոխհատուցումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում որոշակի հոդերի եւ մկանների համար, ինչը մեծացնում է ապագայում վնասվածքների կամ ոսկրամկանային համակարգի խախտումների առաջացման հավանականությունը, գրում է  NEWS.am Medicine: