Մենք հարկելու ենք հարուստին և օլիգարխին. Հայկ Գևորգյան

Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ չկա գաղափարական խնդիր՝ համահարթի հետ կապված

Հարկերի համահարթեցման մասին է ԱԺ-ում լրագրողների հետ այսօր խոսել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Պատգամավորի խոսքով՝ համահարթ հարկման դեմ բողոքող «Ահազանգ» շարժման պահանջները իրականության հետ կապ չունեն, որոշ ժամանակ առաջ ինքը փորձել է խոսել նրանց հետ, սակայն ակցիայի կազմակերպիչները թույլ չեն տվել, որ երիտասարդները խոսեն պատգամավորի հետ։

«Նրանք այն ժամանակ ունեին նաև «Ո՛չ թանկացումներին» բովանդակությամբ պաստառներ։ Փորձեցի ճշտել, թե ինչն է թանկանալու, բայց իրենք այդպես էլ չկարողացան ասել։ Ես էի ուզում հարցեր տալ երիտասարդներին, թե ինչու են եկել, ինչն է խնդիրը, բայց նրանց առաջնորդն ասում էր՝ մի´ շփվեք իրենց հետ»,- ասել է Հայկ Գևորգյանը՝ նշելով, որ ինքն այլևս չի պատրաստվում երկխոսության մեջ մտնել:

«Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ չկա գաղափարական խնդիր՝ համահարթի հետ կապված։ Եթե իրենք հարուստ են համարում 200.000 դրամ ստացողներին, որն իր աշխատավարձի մեկ երրորդը պետք է հարկ վճարի ու իրենք համարում են, որ դա ճիշտ է, թող մնա իրենց խղճին։ Իրենք չեն տեսնում օլիգարխներին, բայց հարուստ են համարում 150-200.000 դրամ ստացող մարդկանց»,- ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ համահարթ հարկման նպատակն է հարկել հարուստին ու օլիգարխին: