Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Զելենսկիին դիմավորելու ժամանակ իրեն վատ է զգացել. տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կանցլերը ցնցվում

Հանդիպումից հետո կանցլերը լրագրողներին պատմել է՝ ինչ թեմաների շուրջ են խոսել ինքն ու Ուկրաինայի նախագահը, սակայն չի անդրադարձել տարօրինակ միջադեպին
Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Մերկելը ցնցվում

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դիմավորելու հանդիսավոր արարողության ժամանակ, ըստ ամենայնի, իրեն վատ է զգացել. տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կանցլերը Զելենսկիի կողքին կանգնած ցնցվում:

Ինչպես նշում է The New York Times-ը, տեսանյութն արվել է այն ժամանակ, երբ երկու պետությունների ղեկավարները շոգ եղանակին կանգնած են եղել Մերկելի պաշտոնական նստավայրի առջև փռված կարմիր գորգի վրա: Մինչ զինվորական նվագախումբը նվագել է Գերմանիայի և Ուկրաինայի պետական օրհներգերը, Մերկելն ակնհայտորեն կորցրել է հավասարակշռությունն ու հազիվ է կարողացել ոտքի վրա մնալ. նա մոտ մեկ րոպե շարունակ դողացել ու ցնցվել է: Մինչդեռ նրա կողքին կանգնած Զելենսկին որևէ կերպ չի արձագանքել:

Արարողության ավարտից հետո կանցլերն իրեն ավելի լավ է զգացել ու Զելենսկիի հետ արագ շենք է մտել: Հանդիպումից հետո կանցլերը լրագրողներին պատմել է՝ ինչ թեմաների շուրջ են խոսել ինքն ու Ուկրաինայի նախագահը, սակայն չի անդրադարձել տարօրինակ միջադեպին:

Հայտնի է, որ Մերկելը հաջորդ ամիս կդառնա 65 տարեկան: Նրա առողջական խնդիրների մասին լրատվամիջոցներում որևէ տեղեկություն չկա: