Ծանուցագիրը չպետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին․ Ծառուկյան

Պատգամավորն ասաց, որ այդպիսի ծանուցագիր իրեն ուղարկելը առաջին հերթին անհարգալից վերաբերմունք էր իր հանդեպ, քանի որ ՀՔԾ-ն իրեն ծանուցագիր ուղարկելու իրավունք չուներ

Պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ՀՔԾ ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ինքը՝ Ծառուկյանը, ու զարմացավ այն հարցից, թե ինչու է պատռել ծանուցագիրը։

«Այսինքն, որ ծանուցագիրը ստանում եմ, պիտի դնեմ ռամկայի մեջ կպցնեմ պատի՞ն … առանց ծանուցագիր որ գնայի, չէին ընդունի՞»,- ասաց Ծառուկյանը։

Պատգամավորը մեջբերեց Սահմանադրությունը և նշեց, որ 96-րդ հոդվածի համապատասխան՝ պատգամավորը կարող է իր կարծիքը հայտնել ու կաշկանդված չէ այդ դեպքում։ Ապա ծանուցագրի մասին նոր հարցին նորից պատասխանեց։

«Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին…»,- լրագրողների նոր հարցից կիսատ թողեց միտքը Ծառուկյանը։

Պատգամավորն ասաց, որ այդպիսի ծանուցագիր իրեն ուղարկելը առաջին հերթին անհարգալից վերաբերմունք էր իր հանդեպ, քանի որ ՀՔԾ-ն իրեն ծանուցագիր ուղարկելու իրավունք չուներ։