Հայաստանը կիսված է, կա երկու ձայնավոր խումբ. Անուշ Սեդրակյան

Մեկի համար ամեն ինչ սարասափելի է, մյուսի համար՝ հրաշալի, մեջտեղում ընկած է լուռ, առայժմ սպասողական վիճակում գտնվող սեգմենտը

168.am-ի զրույցը քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

– Տիկին Սեդրակյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում տեղի ունեցող ընդհանուր քաղաքական գործընթացները։
– Հայաստանը մի քիչ կիսված է, կա երկու ձայնավոր խումբ, մեկի համար ամեն ինչ սարասափելի է, մյուսի համար՝ հրաշալի։ Իսկ մեջտեղում ընկած է լուռ, առայժմ սպասողական վիճակում գտնվող և փոքր-ինչ թերահավատ սեգմենտը։ Կարծում եմ՝ ինքս պատկանում եմ վերջին հատվածին և կատարվող իրադարձություններն ամենաճիշտ բառով կորակեի՝ որպես անորոշ իրադարձություններ։ Քանի որ այդ բոլոր իրադարձություններն իրենց նախաձեռնությամբ, արտաքին դիզայնով լավն են, բայց կատարման մեթոդոլոգիայով և վերջնական նպատակով՝ խիստ անորոշ։

– Ինչի՞ հետևանքով է առաջացել այդ անորոշությունը։

– Նախ՝ տեսլականը մի քիչ միակողմանի է, քանի որ, երբ մարդ տեսնում է բարեկեցիկ և խաղաղ պետության տեսլականը, պետք է տեսնի, թե այն ինչ բաղադիրչներից  է բաղկացած և ինչպես են դրանք իրականանալու։ Այդ բաղադրիչները մեկ առ մեկ ներկայացնելուց արդեն ծագում են բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես՝ տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը, որը թղթի վրա մի ձևով է երևում, իսկ իրականության մեջ՝ մեկ այլ ձևով, ինչն էլ առաջացնում է որոշակի մտավախություններ։ Մենք գիտենք, որ նախկիներն էլ էին գործում նույն սխեմայով, երբ կար մեկ վիճակագրություն մամուլի համար և կար մեկ իրական վիճակագրություն։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ թափանցիկ խոսել մարդկանց հետ և ավելի կոնկրետ թեմաներով, և ասեին, թե ի՞նչ պատճառներով են հետաձգվում բարեփոխումները և ի՞նչ քայլեր են անում դրանք վերացնելու համար։ Նկատի ունեմ՝ ողջամիտ հատվածի համար, քանի որ մնացածը, այսպես ասած՝ բևեռային երկու հատվածները, ընկալունակ չեն օբյեկտիվ գնահատման։

– Լավատե՞ս եք, որ այդ  բարեփոխումներն իրականություն կդառնան։

– Ինքս երբևէ ո՛չ լավատես, ո՛չ հոռետես եմ եղել, իմ ամբողջ քաղաքական վերլուծությունների և հայացքների ուղղվածությունը եղել է կոնկրետ քայլերի և նպատակների գնահատման ուղղությամբ։ Երբ նախկին իշխանությունների ժամանակ ասում էի, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար կործանարար է, որևէ պատրվակ կամ նախապայման չեմ գտնում այսօր միտքս փոխելու և պնդելու, որ այդ կառույցը Հայաստանի համար բալասան է։ Սա օբյեկտիվ քաղաքական փաստ է, որը, համարում եմ, որ Հայաստանի իրողությունների համար խիստ բացասական է, և իմ կարծիքի վրա իշխանափոխությունը չի ազդել։ Այդ պատճառով էլ ո՛չ լավատես եմ, ո՛չ հոռետես, օբյեկտիվ փաստերի արձանագրողն եմ։

– Դուք նշեցիք, որ նախկին իշխանություններն էլ էին այսպես գործում, մտավախություն չունե՞նք, որ ներկայիս իշխանությունները կրկնելու են նախկինների արարքները։

– Կարծում եմ՝ չեն լինելու կոռուպցիոն նմանատիպ ռիսկեր, ինչպես եղել են։ Սա վստահաբար կարող եմ ասել, հակառակ դեպքում՝ իշխանությունը կառաջացնի դժգոհության այնպիսի մեծ ալիք, որ՝ չունենալով որևէ այլ հենարան, շատ արագ կկանգնի խնդիրների առաջ։ Բայց նախկիններից այսօրվա իշխանությունը որդեգրում է ոչ հաճելի երևույթներ և մեթոդաբանություններ, օրինակ՝ քաղաքական այլակարծության հանդեպ ցուցաբերում են ծաղրական վերաբերմունք, ինչը դրսևորում էր ՀՀԿ-ն։

Ամեն դեպքում չկան համագործակցությանն ուղղված քայլեր։ Նկատում եմ վիճակագրությունը, այսպես ասած, ռոմանտիկ պատկերացնելու միտումներ, ՀՀԿ-ի կարգախոսը՝ «Ավելի ապահով Հայաստանն» էր, իսկ ներկայիս իշխանությանը՝ «Ավելի երջանիկ Հայաստանը»։ Երկու պարագայում էլ այդ աբստրակցիաները, երբ սկսում են հակասել իրականությանը, վաղ թե ուշ առաջացնում են դժգոհություն։

Եթե նույնիսկ հիմա բղավեն, որ դա դժգոհություն չի առաջացնի, միևնույն է՝ օբյեկտիվ իրականությունն աշխատելու է իր կանոններով, որևէ մեկի կարծիքից և ցանկություններից անկախ, և բերում է բնականոն եզրահանգման։

– Այս իշխանությունն ընտրվել է լեգիտիմ ընտրությունների արդյունքում՝ ժողովրդի կողմից, հետևաբար՝ նրան ի՞նչն է խանգարում, որպեսզի քայլեր անի և իրականություն դարձնի Ձեր նշած բարեփոխումները։

– Իշխանություններն ընտրվելով լեգիտիմ և խիստ ոգևորված լինելով ժողովրդի լայն աջակցությունից՝ անտեսել են փաստը, որ ժողովրդի աջակցությունը մեծագույն գործոն է, բայց միակը չէ, անհրաժեշտ պայման է, բայց՝ ոչ բավարար։

Այսինքն՝ անհրաժեշտ պայման է լեգիտիմ լինելը, բայց հետո գալիս է պայմանների մի ամբողջ ցանկ, այն է՝ պրոֆեսիոնալ կադրերի ապահովվածություն, ընդհանուր գեոպոլիտիկ իրողությունների մեջ ճկուն հարաբերվելու և տեղակայվելու կարողություն, Արցախի հարցն հայրենիքի տեսանկյունից ընկալելու կարողություն, հակադիր ճամբարի հետ դիվանագիտական համաձայնությունների և բանակցությունների հմտություններ և այլն։ Որովհետև չի կարելի երկրի ներսում աճեցնել դժգոհությունների կղզյակ՝ անընդհատ ասֆալտին փռելու կոչերով։ Շատ ավելի զորեղ ու քաղաքակիրթ ճանապարհներ կան։ Ցավոք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում տեսա այն պնդումը, որ քաղաքական բոլոր ճանապարհները հնացած են։

Չեմ կարծում՝ էմոլցիոնալ ռեակցիաների ճանապարհը նոր ճանապարհ է, այն 18-19-րդ դարի հեղափոխությունների պարտադիր գրավականն է։

– Իսկ մեր իշխանություններն ի՞նչ ճանապարհով են գնում։

– Հնացած ճանապարհով, կարելի է, չէ՞, այդ դիսկուրսը փոխել և արդեն հանդես գալ պետության դիրքերից։ Իսկ պետության համար, ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ ամեն ցորենահատիկն էլ մարդուն օգուտ է։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի, որը բնակվում է այդ պետության մեջ, կարող է պիտանի և արդյունավետ լինել, և պետությունը պետք է ամեն ինչ անի այդ ներուժն օգտագործելու համար, որովհետև մենք այնքան քիչ ենք և այնքան մեծ մարտահրավերների առջև ենք կանգնած, որ այս մասնատվածությունն ու ճամբարայնությունը որևէ լավ բանի չի բերելու։

– Նշեցիք, որ իշխանությունները չեն կարողանում ընդունել ընդդիմության քննադատությունները, ինչի՞ց են վախենում։

– Ուղղակի իշխանությունն արդարացիորեն պնդում է, որ չկա ընդդիմություն, կան նախկիններ, սակայն այդ պնդումը շատ կարճաժամկետ է։ Որովհետև կգա այն պահը, որ, ինչպես նախորդ իշխանությունների դեպքում, իշխանության դիմաց կկանգնեն ոչ թե բարկացած քաղաքական ուժերը, այլ կոնսոլիդացված ժողովուրդը, քանի որ դժգոհությունը գումարվում է մեկ առ մեկ։

Այդ պատճառով էլ պետք է անել ամեն հնարավորը՝ այդ դժգոհության սերմերը կանխելու ուղղությամբ, իսկ դա կանխելու միակ միջոցն արդյունավետ աշխատելն է։

Կարելի է ում ասես՝ սպառնալ, փռել ասֆալտին, կուլակաթափել, դատավարություն անել, այդ բոլոր տեսարանային պատկերները բախվելու են սառնարանների պարունակությանը, թոշակներին, առաջնագծի վիճակին։ Պետք է այդ հարցը լուծել, որքան էլ ոչ շահեկան լինի։

– Արցախի հարցի հետ կապված՝ ներկայիս իշխանությունների մոտ տեսնո՞ւմ եք լուծման հստակ տեսլական։

– Այն, որ Արցախին պետք է ներգրավվեն բանակցային գործընթացում և այդ ուղղությամբ քայլեր անեն՝ պարզ է։ Բայց միևնույն ժամանակ՝ այդ քայլերը պետք է ուղեկցվեն Արցախի իշխանությունների և հանրության հետ ակտիվ բանակցություններով։ Որևէ մեկը չի կասկածում, որ Արցախը Հայաստանն է, բայց մարդկանց բաժանում են տարածական, պատմական և այլ տիպի հեռավորությունների, որն օր օրի կարճվում է։ Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական տգիտության առկայության պայմաններում, իսկ մեր հանրությունը հիմնականում քաղաքականապես տգետ է, իշխանությունն իր վրա պետք է վերցնի որոշակի միսիոներության առաքելություն՝ բացատրի։ Բայց իշխանությունը հանդես եկավ այն դիրքերից, որ բացատրելը հնացած գործառույթ է, որը համարում եմ ոչ այնքան ճիշտ մոտեցում։ Չեմ տեսնում այս բացատրությունները, որոշ մարդկանց հասցեին գովեստներ են շռայլվում, այլոց հասցեին՝ հանդիմանանքներ, ոսկե միջինը չի գործարկվում։