Լույս թունելի վերջում. ինչ կփոխի նոր օրենքը մարզիկների կյանքում

Տարիներ շարունակ մեր երկրում սպորտը որոշակի չափով հետին պլան է մղված եղել

Ի՞նչ է նշանակում լինել հավաքականի անդամ և ո՞րն է դրա չափորոշիչը: Մարզիկների, մարզիչների ու ֆեդերացիայի իրավունքների և պարտականությունների հստակեցումն առաջնահերթ հարցերից մեկն է համարում Արսեն Ջուլֆալակյանը սպորտի զարգացման համար:

Հունիսի սկզբին  I ընթերցմամբ  ընդունված «Ֆիզիկականկուլտուրայի և սպորտի մասին» օրենքի փոփոխության նախագծով, այն օրակարգ բերած «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արտակ Մանուկյանը հավակնություն չունեն ընդգրկելու և լուծելու սպորտի ոլորտի բոլոր խնդիրները:

Ջուլֆալակյանն ԱԺ ամբիոնից ներկայացնում է, թե ինչ փոփոխություններ կլինեն մարզիկների կյանքում օրենքի փոփոխությունից հետո

Հունահռոմեական ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ArmSport-ի հետ զրույցում նշում է, որ դեռևս վերցրել են շտապ լուծում պահանջող մի քանի խնդիրներ ու ներկայացրել են խորհրդարան:

Մարզիկների, մարզիչների ու ֆեդերացիայի իրավունքների և պարտականությունների հստակեցումից հետո պետք է լինի երկրորդ քայլը.  այն մարզիկներն ու մարզիչները, որոնք կդառնան հավաքականի անդամ, կօգտվեն մի շարք առավելություններից:

Ո՞րն է օգուտն այս ամենից

Սահմանելով այն, թե ով է հանդիսանում հավաքական թիմի անդամ,  մարզիկներն այլևս չեն ունենա աշխատանքային ստաժի և ապահովագրության խնդիրներ։ Եթե մարզիկների գործունեությունը գրանցվի որպես ստաժ, ապա կարիերայի ավարտից հետո մարզիկը կկարողանա անցնել այլ աշխատանքի՝ ստաժի հետ կապված խնդիր չունենալով: Հետագայում էլ, թոշակի անցնելիս, հավաքականում եղած տարիները կավելացվեն և մարզիկը նվազագույն թոշակ չի ստանա։

Այդ ամենի արդյունքում կունենան նաև սոցիալական փաթեթներ և կկարողանա օգտվել բժշկական ապահովագրությունից:


Մարմնամարզիկ, Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Թովմասյանը ուրախ է, որ խորհրդարանում սկսել են քննարկվել սպորտի զարգացման խնդիրները:

«Շատ լավ է, որ հավաքականի անդամ լինելը գրանցվում է որպես ստաժ: Իհարկե, մեծ հաշվով մարզվում ենք այսօր, ինչ իմանանք թե ինչ կպատահի 40 տարի անց (ծիծաղում է - խմբ.): Կատակը մի կողմ, սակայն լավ է, որ Ազգային ժողովում մարզիկների խնդիրներին սկսել են ուշադրություն դարձնել»,- ասաց Թովմասյանը:

ԽՆԴԻՐՆԵՐ

Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ ցանկանում են կարգավորել ազգային ֆեդերացիաներ հիմնադրելու թույլտվության կարգը:

«Շատ հեշտ է դարձել ֆեդերացիա ստեղծելը՝ կարատեի մի շարք ֆեդերացիաները վառ օրինակ:Պետք է հստակ չափանիշներ լինեն և նախարարության կողմից թույլատրվի ազգային ֆեդերացիա ստեղծելը»,-ասում է Ջուլֆալակյանը:

Սակայն ՀՀ կառավարությունը կարծել է, թե փորձ էր արվում այդ օրենքի նախագծով միջամտել ՀԿ-ների գործունեությանը (Մարզական ֆեդերացիաները համարվում են հասարակական կազմակերպություններ) և օրենքի այս մասով դեռևս քննարկումներ են նախատեսված:

«Կիոկուշին-կայ կարատե դո ազգային ֆեդերացիայի» նախագահ Սպարտակ Գասպարյանը դրական է խոսում օրենքում այս փոփոխության մասին, սակայն կարծում է, որ ավելի լուրջ խնդիրներ կան ոլորտում.

«Իհարկե, լավ է որ ֆեդերացիայի ստեղծումը որոշակի չափանիշներ է պահանջելու:  Ուրախ եմ դրա համար ու կարծում եմ կարիք կա, որ ինչ-որ չափանիշներ լինեն:

Սակայն կցանկանամ թե՛ պատգամավորների, թե՛ նախարարության աշխատողների ուշադրությունն այլ խնդրի վրա հրավիրել: Միշտ բոլորը խոսում են կարատեի մասին, ավելի լուրջ խնդիրներ կան: Փառք Աստծո, մեր ֆեդերացիան ամենամեծ ֆեդերացիաներից մեկն է: Միշտ հաջողություններ ենք գրանցել ու արդյունք ապահովել: Կարծում եմ, որ թիրախավորելու ավելի կարևոր խնդիրներ կան, մարզադպրոցների, դպրոցների դահլիճների վերանորոգման հարցերը: Որևէ մեկն այս ամենի մասին չի խոսել»,- ասաց Գասպարյանը:

Ի՞նչ սպասենք ապագայում

Սպորտը ցանկացած երկրի համար կարևոր ոլորտ է: Մի փոքր ավելի մեծ ուշադրություն և սպորտի շնորհիվ կարող ես ճանաչելի դարձնել երկիրը, հզորացնել նրա տնտեսությունը, աշխարհի ուշադրությունը սևեռես քո երկրի վրա: Ջոն Քենեդու խոսքերն այս ամենի վառ ապացույցն են.


ԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է ԵՐԿՈՒՉԱՓԱՆԻՇՈՎ՝ ՏԻԵԶԵՐՔ ԿԱՏԱՐԱԾ ԹՌԻՉՔՆԵՐՈՎ ԵՎՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ.
                                                                                                                                                       


Տարիներ շարունակ մեր երկրում սպորտը որոշակի չափով հետին պլան է մղված եղել: Բարերարների և անհատների ֆինանսական աջակցության շնորհիվ են հիմնականում մարզիկները պատրաստվել կարևոր մրցումներին, մեկնել են ու բարձր պահել հայկական եռագույնը:

Ժամանակն է հասնել նրան, որ երկրում մարզիկների իրավունքները լինեն պաշտպանված, նրանք էլ վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետությունը գիտի իրենց մասին, տեր է կանգնում խնդիրներին ու օգնում է ինչպես կարիերայում հաջողությունների հասնելու գործում, այնպես էլ կարիերայի ավարտից հետո:

Ֆինանսական օգնությունն՝ ամենակարևորներից է: Այս տարի կառավարությունը 133 հազար դոլար հատկացրեց հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին՝ հավակնորդների մրցաշարին պատրաստվելու համար:

Արոնյանին ֆինանսապես օգնություն տրամադրելը ՀՀ պատմության ընթացքում առաջին դեպքն էր: Հույս ունենանք, որ չի լինի վերջինը:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելը սպորտի հանդեպ ուշադրության մեծացման առաջին քայլերից մեկն է: Թող լինի առաջինը, որն իր հետևից բերի ավելի լայնածավալ աշխատանքներ...