Դաջվածքով յուրաքանչյուր 5-րդ մարդու մոտ առողջական խնդիրներ են առաջանում

Այս մասին զգուշացնում են Առողջապահության թագավորական միություն բարեգործական կազմակերպության մասնագետները

Դաջվածք կամ պիրսինգ կատարած յուրաքանչյուր 5-րդ մարդը բախվում է առողջական խնդիրների: Առավել հաճախ ինֆեկցիաների, այրվածքների եւ այտուցի: Առանձին դեպքերում դաջվածք կատարելիս օրանիզմում հայտնված ինֆեկցիան կարող է անգամ վերաճել սեպսիսի: Այս մասին զգուշացնում են Առողջապահության թագավորական միություն բարեգործական կազմակերպության մասնագետները:

The Daily Telegraph-ը հատնում է, որ մասնագետները վերլուծել են ավելի քան 2 հազար մարդու տվյալները, որպեսզի պարզեն մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության առանձնահատկությունները այն բանից հետո, երբ նրանք դաջվածք են կատարում: Ստացած տվյալների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր 5-րդ մարդը դաջվածք կատարելուց հետո բախվել է առողջական յուրահատուկ խնդիրների:

«Յուրաքանչյուր 5-րդ մարդը ենթակա է սեպսիսի զարգացման եւ այլ բարդությունների լուրջ վտանգին, այդ թվում՝ այրվածքների կամ այտուցների»,- հայտարարել է Առողջապահության թագավորական միության գործադիր տնօրեն Շիրլի Քրամերը:

Մասնագետները պարզել են, որ նրանցից յուրաքանչյուր 10-րդը, որոնք դաջվածք կատարելուց հետո տարբեր հիվանդությունների են բախվել, ստիպված էր դիմել մասնագիտական բուժօգնության:

Այս ամենի հետ մեկտեղ, գիտնականների կարծիքով, ապագայում դաջվածքների տարածվածությունը միայն կաճի, քանի որ մարդիկ ակտիվորեն ինքնարտահայտում են որոնում, իսկ շատերը դաջվածքները դիտում են որպես իրենց անհատականությունն արտահայտելու միջոց: