Բաքվում դեռ սպասում են Փաշինյանի վճռականությանը

Սերժ Սարգսյանի բանաձևից ավելի լավ տարբերակի ակնկալիքով

«Սևի ու սպիտակի միջև կան բազմաթիվ երանգներ», հայտարարել է Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ պատասխանելով Ադրբեջանում ժողովրդավարության մասին հարցին: Հաջիևի խոսքով, գնահատականներ տալուց առաջ անհրաժեշտ է հասկանալ աշխարհաքաղաքական իրականությունը, որում գտնվում է Ադրբեջանը.
«Այսպես, ապրելով հիմնականում մահմեդական հասարակության մեջ, ես, այնուամենայնիվ, ամեն օր առանց որևէ խտրականության իմ 10 տարեկան դստերը դպրոց եմ տանում և նա այլ փոքր աղջիկների հետ միասին դպրոց է այցելում՝ սա է Ադրբեջանի իրականությունը», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, Հիքմեթ Հաջիևը նշեց, որ այնքան ժամանակ, քանի դեռ այն կարգավորված չէ, Հայաստանը մեկուսացված է մնալու. «Խորհրդային տարիներին Հայաստանի արտաքին կոմունիկացիոն ուղիների 80 տոկոսն անցնում էր Ադրբեջանով և մենք կարող ենք այդ դերը կրկին խաղալ»:

Ավելին, ինչպես Վրաստանում, Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողն ու հարկատուն: Արժեքը՝ մադրիդյան սկզբունքների կատարումն է, որոնք, ըստ ադրբեջանական դիվանագետի, նախատեսում են Ադրբեջանին մի քանի շրջանի վերադարձ: Ի դեպ, իր ելույթում Հիքմեթ Հաջիևը կրկնեց բանաձև, որը երբեմն օգտագործվում էր Հայաստանի նախկին իշխանությունների կողմից՝ հողեր խաղաղության դիմաց. «Հիմնականում, ո՞րն է կարգավորման փիլիսոփայությունը, այն հետևյալն է՝ հող խաղաղության դիմաց, կամ ես կասեի՝ հող բարգավաճման դիմաց»:
Իլհամ Ալիևի խորհրդականի խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը բավարար չափով բարի կամք չի դրսևորում, մեդալ է հանձնում, Հաջիևի խոսքով, ադրբեջանցի զինվորին ոչնչացրած հայ զինվորականին, իսկ պաշտոնական Բաքվի կառուցողական դիրքորոշմանն արձագանքում է ղարաբաղյան կողմի հետ բանակցություններ վարելու առաջարկով. «Սակայն, եթե դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի մասին, մենք անշուշտ ունենք նաև ԼՂ-ի ադրբեջանական համայնք, որի թիվը 80,000 մարդ է կազմում: Արդյո՞ք նրանք ունեն իրավունքներ՝ անշուշտ նրանք նույնպես մարդիկ են և նույնպես ունեն իրավունքներ»:

Քննարկմանը ներկա հայերը փորձում էին իրենց կողմից հստակեցնել մի շարք հարցեր: Տնտեսագետ Դավիթ Գրիգորյանի խոսքով, մասնավորապես, Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի միակ պահանջը կարող է հիմնված լինել 1920-30-ական թվականների ստալինյան հակահայկական քաղաքականության վրա, որն էլ բերեց Ղարաբաղի փոխանցմանը Ադրբեջանին. «Այնուհետև դուք պարտվեցիք պատերազմում, կորցրեցիք տարածքներ, որոնք ի սկզբանե ձեզ չէին պատկանում»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Արա Մարգարյանը մատնանշեց, որ իր մոտեցումներում երեք հիմնարար սկզբունքներից, պաշտոնական Բաքուն կարևորում է միայն տարածքային ամբողջականությունը՝ անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքն ու ուժի չկիրառման պահանջը, իսկ Ղարաբաղը ներկայացնող Ռոբերտ Ավետիսյանը հիշեցրեց, որ քառորդ դար առաջ ստորագրված հրադադարի պայմանագրի տակ դրված է նաև Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը:

Քննարկումից հետո, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում, պատմելով Նիկոլ Փաշինյանի հետ վարվող բանակցությունների մասին, Հիքմեթ Հաջիևն ասաց, որ Փաշինյանը անհատականապես տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից. «Նրանք կառուցել էին իրենց կարիերան հակամարտության վրա և պահպանում էին իշխանությունը հակամարտության երկարաձգման հաշվին, իսկ պարոն Փաշինյանը լրագրող է, ով հայ հասարակության այլ ոլորտից է: Հավատացած ենք նաև, որ նա ունի նույնքան պատրաստակամություն հակամարտության գործնական կարգավորման համար, որքան ադրբեջանական կողմը»:

Ի դեպ, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթն ընդգծեց իր ելույթում, որ Միացյալ Նահանգների մոտեցումը խարսխված է երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա. «Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը համարում է բարձր առաջնահերթություն»:
Այսպիսով, Բավում դեռ շարունակում են մեծ հույսեր կապել Փաշինյանի վճռականության հետ, կարծես, դեռ հույսը չեն կորցրել: Նրան համարելով ոչ ղարաբաղյան ծագում ունեցող՝ Փաշինյանից զիջումների ակնկալիքը, փաստորեն մեծ է:

Ընդ որում, ուշագրավ է այն հիշատակումը, որն արել է ադրբեջանցի պաշտոնյան հիշեցնելով նախկին իշխանության ժամանակվա կարգավորման բանաձևը՝ «հողեր խաղաղության դիմաց»:

Փաստորեն, Փաշինյանից պաշտոնական Բաքուն սպասում է ավելին քան՝ Սերժ Սարգսյանի՝ «հողեր խաղաղության դիմաց» բանաձևն էր: