5-ամյա երեխան մահացել է. Էբոլա տենդը հասել է մինչեւ Ուգանդա

Կոնգոյի արեւելքում Էբոլայի բռնկում է դիտվում անցյալ տարվա օգոստոսից,այս պահին իշխանությունները հաստատել են հիվանդության ավելի քան 2 հազար դեպք, որոնց երկու երրորդից ավելին մահվամբ է ավարտվել

Երկարատեւ ժամանակից հետո Ուգանդայում գրանցել են Էբոլա տենդի առաջին եւ միանգամից մահացու դեպքը: Հիվանդությանը զոհ է գնացել 5-ամյա տղա, որը Ուգանդա է եկել Կոնգոյից: Ուգանդայում ԱՀԿ ներկայացուցչությունն իր Twitter-յան էջում հայտնել է, որ մեկ օրում Ուգանդայում Էբոլայի գրանցված դեպքերի թիվը հասել է մինչեւ երեքի:

«5 տարեկան մանկահասակ պացիենտը Էբոլայի պատճառով մահացել է անցած գիշեր: Բիոնյութի եւս երկու նմուշ ուղարկվել են UVRI (Ուգանդայի վիրուսային հետազոտությունների ինստիտուտ) եւ դրական արդյունք են ցույց տվել: Այսպիսով, ունենք երեք հաստատված դեպք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ հունիսի 9-ին 5-ամյա տղան, ում անունը չի հրապարակվում, ընտանիքի հետ վերադարձել է Կոնգոյից, որտեղ հիմա գրանցված է Էբոլայի բռնկում: Որոշ ժամանակ անց երեխայի մոտ հայտնվել են հիվանդության ախտանշանները՝ արյունախառն փսխում, եւ նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ տղան հունիսի 11-ին մահացել է: Երեխայի ընտանիքի բոլոր անդամները մեկուսացված են եւ գտնվում են հիվանդանոցում:

Կոնգոյի արեւելքում Էբոլայի բռնկում է դիտվում անցյալ տարվա օգոստոսից: Այս պահին իշխանությունները հաստատել են հիվանդության ավելի քան 2 հազար դեպք, որոնց երկու երրորդից ավելին մահվամբ է ավարտվել:

Ուգանդայում մի քանի տարի ժամանակ առ ժամանակ նույնպես գրանցվում էին Էբոլայի եւ Մարբուրգի հեմոռագիկ տենդեր, չնայած երկրում Աֆրիկայի համար պատշաճ բուժօգնության տրամադրման բարձր մակարդակին:

Հիշեցնենք, որ Էբոլա հեմոռագիկ տենդը վտանգավոր հիվանդություն է, որին հատուկ է ծանր ընթացքը, բարձր մահացությունը: Հիվանդությունը փոխանցվում է վարակված կենսաբանական նյութերի հետ շփվելիս:

Հիվանդության դեմ հուսալի պատվաստանյութ առայժմ չկա: