Ինչ որ ցանես այն կհնձես

Ամեն իշխանություն ունենում է իրեն սազական ընդդիմություն

Մեր կյանքում բազում օրինաչափություններ կան, որոնք երբեմն անգամ բացատրության չեն տրվում։ Ասենք՝ երբ անկում է ապրում գիտական միտքը, երբեք տեղի չի ունենում տնտեսական վերելք։ Իսկ պետական կառավարման համակարգն արագությամբ, մեկ մարդու նման սկսում է կրկնօրինակել այդ համակարգի ղեկավարի լեքսիկոնը, պահվածքը, աշխատաոճը։

Եվ ամեն իշխանություն ունենում է իրեն սազական ընդդիմություն։ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմությունը Կարեն եւ Ստեփան Դեմիրճյաններն էին, Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը։ Սերժ Սարգսյանի ընդդիմությունը՝ Րաֆֆին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն Փաշինյանի ընդդիմությունն «ադեկվատներն» են, «Վետօ»-ն, «Սասնա ծռերն» ու ԲՀԿ-ն։ Գուցե դա նրանից է, որ երբ իշխանությունը քաղաքական մեթոդներով է գործում, նրան քաղաքական ընդդիմություն է բաժին հասնում, ընտրում է նաեւ ընդդիմադիր դաշտը։

Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ քաղաքական պայքարի կուլտուրան մեզանում այսօր աղետալի մակարդակի վրա է։ Բռնել-սատկացնելու, ծեփել-վեթթինգելու մեթոդներին, բնականաբար, պետք է «փրկիր Սորոսից» կոչերով հակադարձեին, ինչը եւ անում են այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող՝ սեւ հագուստը որպես պայքարի խորհրդանիշ ընտրած անձինք։ Եթե չես ուզում, որ տարբեր դժգոհ մարդիկ փողոց փակեն, կյանքը պարալիզացնեն, ինքդ չպետք է դատարաններն արգելափակելու կոչեր անես։ Եթե քեզ դուր չի գալիս, որ ամեն կերածդ բրդուճը հաշվում են, ինքդ չպետք է նկատես՝ ով ում հետ է «պարում»։ Եթե քեզ դուր չի գալիս, որ թիմակցիդ անարդարացիորեն մեղադրում են կոռումպացվածության մեջ, ինքդ չապացուցված մեղադրանքներ չպետք է հնչեցնես ուրիշների հասցեին եւ մինչեւ դատարանի վճիռ արձակելը «վճիռներ» արձակես։ Կյանքի օրենքը սա է։