Եթե կոռուպցիա չկա, հակակոռուպցիոն պայքարի ծրագիր ես գրում, որ ի՞նչ անես

Շատ է ասվում, որ մեր ծրագրի մեջ չկան թվեր. մեր ծրագրի մեջ կան բազմաթիվ թվեր և այդ թիվը բազմաթիվ դեպքերում նույնն է

Վարչապետ ընտրվելուց հետո, ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության ծրագրում ամարգրված ամենակարևոր ցուցանիշն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի մակարդակն այլևս «0» է: « Շատ է ասվում, որ մեր ծրագրի մեջ չկան թվեր. մեր ծրագրի մեջ կան բազմաթիվ թվեր և այդ թիվը բազմաթիվ դեպքերում նույնն է: Եթե այդ թվերն այդքան նկատելի չեն, ես կներկայացնեմ: Ի՞նչպիսին է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո, ի՞նչպիսին է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո, Հայաստանում խոշոր բիզնեսն ամսական ո՞րքան «նալոգ» պետք է տա հանրապետության վարչապետին՝ ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո, Հայաստանում ինչպիսի և քանի մենաշնորհներ պետք է գոյություն ունենան՝ ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո»,- իր ելույթում հայտարարել էր Փաշինյանը:
Եվ ահա, իշխանության գալուց ուղից մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության նախագծի լրամշակված տարբերակը: Նախագիծը նախկին իշխանության կողմից է մշակվել և եթե նոր իշխանություններըն, այնուամենյնիվ որոշել են ոչ թե հրաժարվել, ահյլ լրամաշկել նախկինների հակակոռուպցիան ծրագիրը, պետք է ենթադրել, որ ամեն դեպքում կոռուպցիայի մակարդակը «զրո» չէ: 
Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:

Նախագծում նշվում է.
1. Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առնվազն հրապարակային հարթակներում հայտարարել է կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու նպատակադրման մասին: Բայցևայնպես, նշված նպատակադրումը չի ուղեկցվել հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում առկա իրական խնդիրների ախտորոշման, թիրախավորման և դրանց համակարգային ու հիմնարար լուծմանն առնչվող կոնկրետ գործնական քայլերով: Հարկ է փաստել, որ չնայած այն իրողությանը, որ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հակակոռուպցիոն երեք ռազմավարություն՝ համապատասխան միջոցառումների ծրագրերով, կոռուպցիայից բխող անբարենպաստ հետևանքներն իրենց բոլոր դրսևորումներով հանդերձ, դեռևս շարունակում են աննահանջ տեղ զբաղեցնել հասարակական կյանքի բազմազան ոլորտներում: Դրա մասին են վկայում ինչպես նախընթաց տարիներին կոռուպցիայի գործող մակարդակի վերաբերյալ առկա հանրային ընկալումն ու տրամադրությունները, այնպես էլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ամենատարբեր գնահատական-զեկույցները, ցուցանիշները:
2. Այսպես, օրինակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (2014-2018թթ.) մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցով նշվում է, որ չնայած ոլորտում իրականացված փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը չի գրանցում շոշափելի և տեսանելի հաջողություն քաղաքական կամքի դրսևորման բացակայության պատճառով: Ասվածին գումարվում է նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշը, որն ուղղակիորեն փաստում է Հայաստանում կոռուպցիայի համակարգային բնույթը:
3. Վերոնշյալը, ի թիվս այլ օբյեկտիվ հանգամանքների, հիմք հանդիսացավ քաղաքացիների աննախադեպ, պատմական և ժողովրդական ընդվզման: 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ գործնականում իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իր երազանքը: Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց իրավունքի գերակայությամբ և կոռուպցիայից զերծ երկիր ունենալու աներեր ակնկալիքով, իսկ արդյունքում ձևավորված իշխանությունը ստանձնեց հիշյալ կամքի իրացման պատասխանատու հանձնառությունը: Բնական է, որ հիշյալ հանձնառության իրացումը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքարը՝ որպես գերակա ուղղություն հռչակելու հաստատապես ձևակերպված կամք և վճռականություն, ինչի սկիզբն արդեն իսկ դրվել է:
4. Նշվում է նաև, որ ոազմավարությամբ նախանշված ուղղությունների իրականացման հիմնական երաշխիքներից մեկն է հանդիսանալու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրսևորած քաղաքական աննախադեպ կամքն ու վճռականությունը: Վերջինիս դրսևորմամբ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կոռուպցիան ծնող ու դրա տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի կոռուպցիայի աստիճանական հաղթահարմանը:
• Որպես նպատակ առանձնացված է ` վարչական կոռուպցիայի հաղթահարումը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը, հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ապահովման համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ: 
• տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի դերի բարձրացումը, բիզնեսի և քաղաքականության տարանջատման հստակ սահմանների ապահովումը, ապօրինի ձեռքբերված գույքը և Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելուն ուղղված կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, միջազգային չափանիշներին դրանք համապատասխանության ապահովումը, միջազգային համագործակցության ամրապնդումը: Կարևոր է նաև հանրային կրթության և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանումը, ներառյալ՝ ազդարարման ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման միջոցով, պահանջատեր քաղաքացու ձևավորումը>>, գրում է hayeli.am: