Ինչո՞ւ Մբապեն մերժեց «Ռեալին» և ընտրեց ՊՍԺ-ն

Իր տեղափոխության համար ֆուտբոլիստը ստացել է 5 մլն. եվրո
Մբապե

Ֆրանսիական L’Equipe պարբերականը կիսվել է Football Leaks-ի վերջին բացահայտումով և ներկայացրել Կիլիան Մբապեի տրանսֆերի մանրամասները «Մոնակոյից» ՊՍԺ:

2016/17 մրցաշրջանի ավարտին երրիտասարդ ֆուտբոլիստը «Մոնակոյից» պահանջել է իր աշխատավարձը բարձրացնել 16 անգամ, որով նա կստանար այնքան, որքան Ռադամել Ֆալկաոն (8 մլն. եվրո): Ակումբը մերժել է ֆուտբոլիստին ու հունիսի 20-ին համաձայնության հասել «Ռեալի» հետ խաղացողի տրանսֆերի շուրջ: Ըստ նախնական համաձայնության՝ «Արքայական ակումբը» պետք է 180 մլն. եվրո վճարեր «Մոնակոյին», որից 30 մլն. եվրոն բոնուսների տեսքով, սակայն ավելի ուշ տրանսֆերային արժեքը աճեց և հասավ 214 մլն. եվրոյի, քանի որ իսպանացիները համաձայնեցին իրենց վրա վերցնել տրանսֆերի համար սահմանված հարկերի մարումը:

Ի վերջո, Մբապեն որոշում է կայացրել ի օգուտ ՊՍԺ-ի: Պատճառը դարձել է պայմանագիրը, որը համաձայնել է կատարել փարիզյան ակումբի ղեկավարությունը: Նախ և առաջ, իր տեղափոխության համար ֆուտբոլիստը ստացել է 5 մլն. եվրո, որը վճարվելու էր 2 մասով: Բացի այդ, Մբապեն պահանջում էր 10 մլն. եվրո տարեկան աշխատավարձ, սակայն արդյունքում կողմերը համաձայնության են հասել 7 մլն. եվրոյի շուրջ, որը ամեն մրցաշրջանից հետո պետք է աճեր: Այդպիսով, ֆուտբոլիստի տարեկան եկամուտը պետք է հասնի 12 մլն. եվրոյի:

Ընդ որում՝ համաձայնագրի որոշ կետեր մասնակի են կատարվել: Մբապեն ցանկանում էր, որ «Ոսկե գնդակը» նվաճելու դեպքում, նա մեքենայաբար դառնար ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:  ՊՍԺ-ն էլ խոստացել է 500 հազար եվրո վճարել մրցանակը նվաճելու համար: Ֆուտբոլիստը նաև պահանջում էր 50 ժամ տարեկան օգտագործել ակումբի մասնավոր ինքնաթիռը, բայց դրա փոխարեն Կիլիանը ստացավ 30 հազար եվրո ամսական՝ վարորդի և թիկնապահի ծառայությունների վճարման համար:

Այս ամենին գումարած FootballLeaks-ը նաև «քանդել» է այն առեղծվածի կծիկը, ըստ որի, ՊՍԺ-ն վարձակալել է Մբապեին «Մոնակոյից» նրա տրանսֆերը հետագայում գնելու պարտադիր կետով, որպեսզի խուսափի ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները խախտելուց, քանի որ մինչև այդ 222 մլն. եվրոյով գնել էր Նեյմարին «Բարսելոնայից»: Իրականում, այդ կերպ փարիզյան ակումբը խուսափել է 30 մլն. եվրոյի հարկերի վճարումից: