Երկրում ձեւավորվել է խտրականության նոր տեսակ՝ ըստ հագուստի գույնի

Խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները

Մոտ մեկ ժամ անցկացրեցի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ իրավապաշտպանական բնույթի փաստաբանական օգնություն տրամադրելով ութ քաղաքացիների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» ՀԿ-ի 11 անդամների բերման ենթարկելուն։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես ինձ պարզաբանվեց, նրանք ոստիկանությունում էին հայտնվել մի քաղաքացու ահազանգով այն մասին, որ սեւազգեստ մարդկանց ինչ-որ խումբ փողոցում զբոսնելիս ահաբեկում է մարդկանց (!)։

Այսպիսով, պաշտոնապես կարելի է փաստել, որ մեր երկրում ձեւավորվել է խտրականության նոր տեսակ՝ ըստ հագուստի գույնի խտրականություն։

Վարչապետի՝ հունիսի 6-ի ելույթը, փաստորեն, ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձեւավորել է հակաիրավական նախապաշարմունք սեւազգեստ մարդկանց վերաբերյալ, որն էլ հանգեցրել է այդ «ահազանգին»։

Խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները»։