Այս միջադեպով փորձ արվեց վարկաբեկել իշխանությանը

Այս ամենում բոլորը դիտարկում են իրավապահ համակարգի անգործությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները կամ գործիչները երեկ՝ հունիսի 4-ին, մի գրառում կատարեցին և, այսպես ասած, «ծեծի ֆլեշմոբ» սկսեցին։ Սրան նախորդում էին հավաքներ, որտեղ բռնության կոչեր էին հնչում։

Այս ամենում բոլորը դիտարկում են իրավապահ համակարգի անգործությունը, որն այսպես ասած՝ դիտորդի կարգավիճակում է։ Ինչո՞ւ է իրավապահ համակարգն ընտրել դիտորդի կարգավիճակ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ հանրությունը որոշակիորեն կոնսոլիդանում է կյանքի մշակույթի և բռնության մշակույթի շուրջ։ Այս դեպքում, փաստորեն, առանցք է դարձել բռնության մշակույթը, որտեղ կոնսոլիդացել է որոշակի հակահանրույթ, որովհետև այստեղ միայն գնում է բռնության քարոզ։ Նրանք այս ֆլեշմոբով կարծես թե փորձում են համակարգին պարալիզացնել։ Իսկ ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, ապա, այո, հիմա իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Եթե նախկինում պարզ էր, թե ինչպես է գործում իրավապահ համակարգը՝ հրահանգավորված գործողություններ էին, ապա այժմ այդ հրահանգները հանված են»։

Վերլուծաբան Աղասի Մարգարյանն ասաց․ «Պետք է ասեմ, որ բռնության մենաշնորհը պատկանում է միայն պետությանը։ Բռնություն ասելով՝ մենք չենք հասկանում մարդկանց, քաղաքացիներին ծեծելը։ Բռնություն ասելով՝ դա հարկ եղած դեպքում նույնիսկ մարդու կամքին հակառակ օրինականություն հաստատելն է, տվյալ դեպքում ամբողջ ոստիկանական համակարգում, որովհետև բոլոր բռնի ակցիաները պետք է համարժեք արձագանք ունենան»։

Իսկ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն էլ հավելեց․ «Ցանկացած արդի պետություն ձգտում է բռնության մենաշնորհի։ Եվ եթե այդ կանոնակարգված բռնությունը պետությունն ի վիճակի չի իրագործել, արդի մեր կառավարությունն իրենից ուժային կենտրոն չի ներկայացնում, ապա դա հնարավորություն է տալիս հասարակության մի մասին հրապուրել, գրավել, ասել՝ տեսեք, թե ում հետևից եք գնում։ Դա փաստ է, և պետք չի դրանից վախենալ, որովհետև մարդիկ ուժային կենտրոնի հովանավորության տակ իրենց ավելի ապահով են զգում»։