Նախկինում քննադատվում էր պաշտոնյաների՝ առանց պատճառներ ներկայացնելու հրաժարականները, այսօր նոր իշխանությունները նույն բանն են կրկնում

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը պետք է հանրությանը ներկայացնի իրենց հրաժարականների պատճառները

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ԲԴԽ անդամ, Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը պետք է հանրությանը ներկայացնեին իրենց հրաժարականների պատճառները: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում:

«Կարող են լինել տարբեր տեսակի մեկնաբանություններ, որոնք կարող են ընդհանրապես իրականության հետ կապ էլ չունենալ: Կոնկրետ Արտակ Զեյնալյանը պետք է պատասխանի՝ ինչու հրաժարական տվեց: Նախկինում, երբ պաշտոնյաները նման կերպ հրաժարական էին տալիս, դա քննադատության էր արժանանում, որովհետև հասարակության մոտ, հատկապես փորձագիտական շրջանակներում առաջանում էր այն մեկնաբանելու պահանջ: 

Թվում էր՝ այդ երևույթը մնացել էր անցյալում: Բայց կոնկրետ արդարադատության նախարարի հրաժարականում նորից կրկնվում է այդ երևույթը, երբ նախարարը հրաժարական է տալիս՝ չմեկնաբանելով՝ ինչու: Ինքը չի գրել, թե որ պատճառն է հիմք հանդիսացել, որ հրաժարական է տվել, արդյոք վարչապետի հետ խնդի՞ր է առաջացել, անցումային արդարադատության կամ վեթինգի հետ կապված տարբեր մոտեցումնե՞ր կային, թե պատճառն այլ էր»:

Քաղտեխնոլոգի կարծիքով արդարադատության նախարարի հրաժարականի տեքստը կարելի է ցանկացած կերպ մեկնաբանել՝ ով ինչպես կցանկանա: 

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանի հրաժարականին, փորձագետն ասաց՝ Դանիելյանի հրաժարականի տեքստում նշվում է՝ ինչով է պատրաստվում զբաղվել, սակայն դարձյալ չկան պատճառները։

«Մարդը կարող է ասել՝ հոգնել եմ, ուզում եմ գնալ իմ գիտական աշխատանքով զբաղվել, որևէ խնդիր չկա, ոչ մեկ նրան ո՛չ գովելու է, ո՛չ էլ քննադատելու է, ուղղակի պետք է պատճառ ներկայացվի, եթե չի ներկայացվում, դա հիմք է տալիս տարբեր տեսակի ասեկոսեների, որոնք գուշակությունների ոլորտից են, իսկ գուշակություններ անելը փորձագետի խնդիրը չէ»,– ավելացրեց նա: