Փաշինյանի խոսքի՝ իրականությանը չհամապատասխանելու գինը շատ ավելի ծանր է լինելու. Աշոտյան

Չեմ ուզում Նիկոլ Փաշինյանին մեղադրել միտումնավոր պառակտիչ քաղաքականություն իրականացնելու համար

Եթե ես մտածեմ, որ Նիկոլ Փաշինյանը դա անում է միտումնավոր, ապա պետք է իրեն մեղադրեմ պետական դավաճանության մեջ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հունիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Չեմ ուզում Նիկոլ Փաշինյանին մեղադրել միտումնավոր պառակտիչ քաղաքականություն իրականացնելու համար, որովհետեւ երկրորդ միտքը, որ գալու է շատ վատն է»,- ասաց Աշոտյանը եւ նշեց, որ դավադիրների մասով ինքը սպասում է բացահայտումների:

«Ցանկացած խոսք, որ դուրս է գալիս քաղաքական գործչի շուրթերից, կարող է հետո մեկնաբանվել, լղոզվել ու մոռացվել: Բայց տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ չի, նա երկրի վարչապետն է, հետեւաբար իր խոսքի արժեքը ավելի մեծ է, եւ այդ խոսքի իրականությանը չհամապատասխանելու գինը շատ ավելի ծանր է լինելու»,- ասաց Արմեն Աշոտյանը: