ՀՀ վարչապետն Արցախի նախագահի հետ սկսել է մամուլի միջոցով շփվել

Ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի

«Այլընտրանք» ՀԿ-ն ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ այսօր՝ հունիսի 6-ին, ակցիա է իրականացրել՝  ի աջակցություն Արցախի ժողովրդի և օրինական իշխանությունների։

«Մենք նամակ հանձնեցինք Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանին, նա ասաց, որ մեր ձայնը կհասնի Արցախի իշխանություններին և ժողովրդին: Նամակ հանձնեցինք, որովհետև վերջին շրջանում տարբեր շրջանակների կողմից շատ վտանգավոր ուղերձներ են հնչում արցախցի-հայաստանցի բաժանարար քաղաքականության մասին»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:

Նրա խոսքով՝ իրենց ակցիայի նպատակն էր ցույց տալ Արցախի ժողովրդին և նրա օրինական իշխանություններին, որ ՀՀ բնակչության տրամադրություններն ամենևին չեն համընկնում այդ ուղերձների հետ։

Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ բաժանարար գծերի օրինակ են, երբ «աններկա ու անանցյալ» մարդիկ իրենց թույլ են տալիս հայտարարություն անել, որ Արցախի նախագահի գլուխը կարող են քարով «բացել»:

«Տարբեր հայտարարություններ լսում ենք քաղաքական բարձր էշելոնի իշխանության կողմից, որ ՀՀ վարչապետն Արցախի նախագահի հետ սկսել է մամուլի միջոցով շփվել: Սրանք վտանգավոր ուղերձներ են»,- ընդգծեց Նարեկ Մանթաշյանը:

Նա նաև ասաց, որ այսօր առավել, քան երբևէ Հայաստանը պետք է միասնական լինի Արցախի հետ, քանի որ Արցախը լուրջ վտանգի առջև է կանգնած:

«Մեր հակառակորդին չուրախացնելու համար մենք հիմա փորձում ենք ՀՀ-ում ուղղել մեր հայրենակիցների սխալները, որոնք տանում են դեպի բաժանման»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:  

Արցախցին հայ է, հայը՝ արցախցի, մեր մեջ ազգամիջյան որևէ բաժանում չկա. Նարեկ Մանթաշյան: