Վիտալի Բալասանյանի ենթատեքստը

Արցախում նախագահի ընտրության քարոզարշավը դե ֆակտո սկսվել է

Արցախում նախագահի ընտրության քարոզարշավը դե ֆակտո սկսվել է: Այն ընթանում է տարբեր դրսեւորումներով, տարբեր մատուցումներով: Արցախը պատրաստվում է կարեւոր քաղաքական իրադարձության:

Մենք այս օրերին տարված ենք ամեն ինչով: Տարված ենք վեթթինգով, տարված ենք ապրիլյան պատերազմի պսեւդոհետաքննությամբ, մանր-մունր երկրորդական, երրորդական հարցերով, բայց կարեւոր հարցերը, հայտարարությունները, հետաքրքիր նախաձեռնությունները տարօրինակորեն չեն նկատվում:

Օրեր առաջ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես եկավ շատ հետաքրքիր նախաձեռնությամբ, բայց այն եւս կորավ եւ չնկատվեց ինտրիգների հյուսման, անկարեւոր հարցերի հեղեղի տակ: «Հանուն Արցախի» համազգային շարժման գաղափարը միայն առաջին հայացքից է զուտ արցախյան եւ բացարձակ զուրկ է տեսական կամ ներքաղաքական մոտիվացիայից։ Հիմքում Հայաստան-Արցախ-Սփյուռք ինտեգրացիան է։ Այս գաղափարի տապալումը հավասար կործանարար է լինելու Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի համար։ Եվ հակառակը՝ հաջողությունը լինելու է բոլորինը։

Հաջող ինտեգրացիոն քաղաքականությունը կոնկրետ գործ է։ Եվ բոլոր ժողովուրդներին ու պետություններին չէ, որ հաջողվել է։ Այն ենթադրում է հստակ տրամաբանական քայլերի ճանապարհային քարտեզ։ Դա ենթադրում է ռեսուրսների վերահաշվարկ, վերախմբավորում։ Դա ենթադրում է նոր, ավելի լայն մտածողություն, եւ այն, իհարկե, չի սահմանափակվում որեւէ նախընտրական փուլի սահմաններում։ Ընտրությունները կանցնեն, որեւէ ընտրություն հարատեւ չէ, բայց զարգանում են այն պետությունները, որոնք երկարաժամկետ նպատակներ ու դրանց հասնելու ճանապարհներ են մշակում։ Այս առումով է Վ․ Բալասանյանի նախաձեռնությունը հետաքրքիր։ Եվ այս առումով է այս պահի անտարբերությունը վտանգավոր։ Գուցե ճիշտ կլիներ, որ Վ․ Բալասանյանն առաջին փուլում ստեղծեր առաջարկների եւ գաղափարների հավաքման մի կենտրոն, հարթակ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը խնդիր է դրել իր ռեսուրսային առավելությունը ռեալիզացնել։ Դա կանի բանակցային ճնշումների, թե ռազմական գործողությունների միջոցով՝ ցույց կտա ժամանակը։ Բայց սա հուշում է, որ մենք էլ պետք է հրատապ ռեսուրսների մոբիլիզացիա անենք։ Այս համատեքստում միակ ռացիոնալ տարբերակը Հայաստան-Արցախ-Սփյուռք նոր ինտեգրացիոն համակարգն է։

Դժվար է չհամաձայնել Վ․ Բալասանյանի այն պնդմանը, թե այսօր ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետեւանքները:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդումը, սփյուռքի հետ համագործակցության սերտացումն ու ազգային արժեքների պահպանությունը, կարծում ենք, առարկություն չի կարող գտնել որեւէ առողջ գործչի, քաղաքացու, կուսակցության կամ հասարակական կազմակերպության կողմից: Բայց դրա համար պետք է աշխատել․ ուրիշ ճանապարհ չկա։