Ապտակ Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանն այսօր սենսացիոն բացահայտում արեց՝ ասելով, թե ում նկատի ուներ, ասելով, որ կան դավադիր ուժեր, որոնք պատրասում են պատերազմ, հողեր հանձնել եւ այդ ամենը բարդել իր վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սենսացիոն բացահայտում արեց՝ ասելով, թե ում նկատի ուներ, ասելով, որ կան դավադիր ուժեր, որոնք պատրասում են պատերազմ, հողեր հանձնել եւ այդ ամենը բարդել իր վրա ․«Դա աննախադեպ երևույթ է եղել, և ՀՀ, և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Եվ հետաքրքրվել եմ՝ իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն։ Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Եվ երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր ա ծախում, իմ մոտ հարց ա առաջանում՝ ես էս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել ու խոսել եմ, թե ինչ պայմաններով պետք է գնանք առաջ։ Եթե էս մարդը դուրս ա գալիս, որ իր օգնականին ասում ա՝ գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա դա անում, եթե ինքը հարյուր տոկոսով գիտի, թե ինչ ա կատարվում։ Ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ ա կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ինքն է փոխանցել ԼՂՀ իշխանություններին։ Նրանք դրանից առաջ ընդհանրապես տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել նախկինում։ «Հինգ անգամ հարցրել եմ՝ տեղյա՞կ եք ինչ ա բանակցվել, ինչ ա պայմանավորվել, իրանք տեղյակ չեն եղել։ Եվ իրանք դրանից հետո գնում են իրենց օգնականների սոցիալական ցանցերում նույնիսկ անձամբ գրում են՝ էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողեր է հանձնում, ինչի» համար են դա անում»,- հավելեց վարչապետը։

Քիչ առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արձագանքել է Փաշինյանի վերը նշված մեղադրանքներին, իհարկե, կարող էր ավելի կոշտ գնահատականներով հերքել Հայաստանի վարչապետի հայտարարությունները, բայց իր խառնվածքին բնորոշ Բակո Սահակյանը հարթեցրել է սուր անկյունները,ինչպես անում է շուրջ մեկ տարի՝ ի պատասխան Փաշինյանի ու իր թիմի՝ Արցախի ու նրա ղեկավարության հասցեին անվայելուչ հայտարարություններին։ Այնուհանդերձ Բակո Սահակյանը հերքել է իրենց ուղղված մեղադրանքները։ Նա ասել է, որ ընդամենը վերջերս է Փաշինյանը իրենց փոխանցել բանակցությունների մասին փաստաթուղթը, հերքել է նաեւ, թե նախկինում իրենց չեն տեղեկացրել բանակցությունների մասին։ «Վերջերս Հայաստանի Հանրապետության Վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության Վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը: Առհասարակ, ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին»։ Բակո Սահակյանը խոսել է նաեւ օգնականների միջոցով ՀՀ իշխանությունների դեմ գրառումների մասին․«Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, եւ եթե որեւէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք եւ նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, եւ մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք: Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձեւն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»: