8.1 մլրդ-ով. առողջապահության նախարարության ծախսերը կավելանան

Առաջնային օղակի դերի բարձրացումն ու ծառայությունների որակի բարելավումը նախարարության գերակա խնդիրներից են լինելու
ա

ՀՀ առողջապահության նախարարության ծախսերը հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել: Միջոցների զգալի մասն ուղղվելու է առաջնային օղակի դերի բարձրացմանն ու ծառայություների որակի բարելավմանը:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է առողջապահության նախարարությանը հատկացնել 88.6 մլրդ դրամ՝ առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի: Այն կազմում է պետական բյուջեի 5.4 տոկոսը, իսկ ՀՆԱ-ի՝  մոտ 1.30 տոկոսը: Այս տարվա նկատմամբ ծախսերն ավելանալու են 8.1 մլրդ դրամով կամ 10.1  տոկոսով՝ առանց վարկային և դրամաշնորհային միջոցների: Այդ միջոցները հաջորդ տարի նվազելու են 2.1 մլրդ դրամով, ծախսերը կավելանան 10.2 մլրդ դրամով»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ եկող տարի առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայություների կատարելագործմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Պետության առաջնահերթություններից են լինելու առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության, վերարտադրողական ծառայությունների ապահովման խնդիրները: Դրամական միջոցներն ուղղվելու են առողջության առաջնային պահպանման, հանրային առողջության պահպանման, մոր  և մանկան առողջության պահպանման, սոցիալապես ապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության, ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական ծառայությունների ապահովման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերին:

Թորոսյանը վստահեցրել է, որ առաջնային օղակի դերի բարձրացումն ու ծառայությունների որակի բարելավումը նախարարության գերակա խնդիրներից են լինելու: Դրան են ուղղվելու բյուջետային միջոցների 29. 5 տոկոսը, կամ 26.1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ զգալիորեն ավելացել է: