Նախագահ Սարգսյանը Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Մատարելլային

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` ի շահ մեր երկրների

Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր` հունիսի 2-ին, շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` ի շահ մեր երկրների», - ասվում է նախագահի ուղերձում:

Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իտալիայի ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն: