Սորոսի կադրերի նշանակման ֆոնին «Նարեկ Մալյան են տշում»։ Փորձված ձև է սա։ Հանրության ուշադրությունը կենտրոնացնել մեկի վրա, ֆեյքերով ու համապատասխան մարդկանցով «թքել –մրել» նրան, Սորոսի կադրերն անշշուկ անցկացնել։ Որ պաշտոնյայի կենսագրություն բացում ես, տեսնում ես, Սորոսի տնից է։ Լավ, մեր տանը սեփական կադր չունե՞նք։
Ոչ Նարեկ Մալյանին եմ ճանաչում, առավել ևս՝ ոչ էլ Սորոսին ու նրա հայաստանյան վկաներին։ Բայց մի բան գիտեմ։ Սա քաղաքական հետաքրքիր գործելաոճ է․ հանրության ողջ զայրույթը թափել մեկի գլխին, կոնկրետ դեպքում Նարեկի ու նրա շրջապատի գլխին, մարդկանց սևեռել նրանց վրա ու մոռացության մատնել այն, ինչ հանրության համար ընդունելի չէ։ Այսինքն առանցքային հարցը սորոսյան կադրերի նշանակման մասին է, այդ հարցը դուրս մղել հանրության ուշադրությունից։
Եկեք հիմնական հարցը զատենք երկրորդականից։ Նարեկ Մալյանին շատ մարդիկ կլինեն, ինչպես ցանկացած մարդու, որ չեն սիրում, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի մեր ողջ էներգիան ներդնենք՝ Նարեկին «ոչնչացնելու»։ Մեր առանցքային խնդիրը Հայաստանում պետական կարևորագույն կառույցները Սորոսին չհանձնելն է, այն պիտի լինի ազգային արժեքներով սրբագործված, երկիրը սիրող, նրա համար կյանք տվող կադրերի ձեռքին։ Ես Սորոսի վկաներին չեմ նսեմացնում, ազգային արժեքներին եմ կարևորում։ Այսօր մեր պետական պաշտոնյան պիտի լինի ազգային արժեքների հունում կանգնած մարդ։ Այդպիսին համարյա չունենք, ով էլ կա, խցանի պես դուրս է թռչում։
Սա պետական քաղաքականություն է, և Լարիսայի կամ նրա գրասենյակի վրա գնալով, հարցը չի լուծվի։ Ժողովուրդ, ասում եք, որ դուք եք հեղափոխություն արել ու հեղափոխության տերը դուք եք՝ այդ դեպքում ինչու՞ եք այս հարցում անտարբերություն ցուցաբերում։ Ինչու՞ բուն հարցին անդրադառնալու փոխարեն հարցը բարձրացնողին եք վարկաբեկում։ Դրանով, գուցե չեք պատկերացնում, փակում եք այդ հարցը և շուտով ականատես կլինեք, որ մենք ունենք միայն դրսից նշանակված կադրեր։ Արդեն կասկածում եմ, որ այդքան թույլ ու չկայացած կադրեր նշանակվել են, որպեսզի ճիշտ ժամանակին նրանց փոխարինեն ուղղորդված կադրերով։ Մենք ազգային լուրջ վտանգի առաջ ենք կանգնած՝ կորցնելու ենք մեզ, մեր դիմագիծը, անգամ մեր մտածողությունը։
Հիմա էլ ինձ կքննադատեք, մեղմ եմ ասում, հիմա քննադատում են հայհոյելով, ու կրկին դուրս կմնա առանցքային հարցը։
«Հրապարակ»
0Comments