Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ վեթինգը պետք է կիրառվի նաեւ նախորդ եւ ներկա նախարարների դեպքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա։
«Եթե հիշում եք 2-3 տարի առաջ այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց, որ յուրաքանչյուրի՝ պաշտոնյա ժամանակ ձեռք բերվածը պետք է ստուգվի։ Ինքս դեմ չեմ անցնելու վեթթինգով՝ զտմամբ»,–ասաց նա։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր հետ կապված էլ ինչ–որ բաներ կբացահայտվեն, Հարությունյանը պատասխանեց.
«Ես ինքս պետական պաշտոնյա չեմ եղել եւ այն ինչ–որ վաստակել եմ 99 տոկոսով ԵՊՀ–ում վաստակածն է եղել»։
Հարցին, թե ի՞նչ կտա վեթինգը, եթե այն կիրառվի բոլոր դատավորների նկատմամբ, նախարարը պատասխանեց.
«Մամուլում հրապարակվում են բազմաթիվ նյութեր, որտեղ հստակ երեւում է, որ որեւէ դատավոր ինչ–որ մի ժամկետում մի քանի տասնյակ միլիոնի նվիրատվություն է ստանում, գույքի քանակն է ավելանում, պետք է իմանալ, թե որտեղից այդ գույքը, գուցե օրինական ճանապարհով է ձեռք բերել, պետք է ստուգվի, սակայն այն, որ համակարգի նկատմամբ համատարած անվստահություն կա, փաստ է, եւ դատավորները, որոնք արդար եւ ազնիվ են, իրենց քրտինքով են այդ գույքը վաստակել, չպետք է խնդիր ունենան»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Վարչապետն ընգծել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
0Comments