ԵՄ-ն գուցե Արևելյան գործընկերությանը, այդ թվում՝ Հայաստանին, չտա այն ռեսուրսները, որոնք տվել է նախկինում

Բնականաբար, այս միտումները որոշակիորեն կտարածվեն նաև Արևելյան գործընկերության երկրների վրա, որից առավելապես տուժելու են այն երկրները, որոնք ձգտում են ավելի լուրջ մերձեցման ԵՄ-ի հետ. Լոռ Դելքուր
 Լոռ Դելքուր

«Եվրասկեպտիկների և Կանաչների դիրքերի ամրապնդումը Եվրոպական խորհրդարանում կբարդացնի Արևելյան գործընկերություն ծրագրի վերանայումը՝ հօգուտ դրան մաս կազմող վեց երկրների։ Սակայն դրա վերանայման և նոր հեռանկարների տրամադրման կարիք կար այս ծրագիրը պահպանելու, ավելին՝ զարգացնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով մայիսի 23-26-ը ԵՄ անդամ բոլոր 28 երկրներում անցկացված ԵԽ ընտրությունների արդյունքներին։

Հիշեցնենք, որ այս ընտրությունների արդյունքում, ինչպես նախորդ շրջանում, մեծամասնություն է լինելու քրիստոնեա-դեմոկրատների բլոկը, սակայն էականորեն զիջելով ԵԽ-ում իր դիրքերը Կանաչներին ու եվրասկեպտիկներին։

Նա նշեց, որ ընտրությունների այս արդյունքը կարելի էր կանխատեսել, քանի որ վերջին տարիներին այս ուժերը, շնորհիվ ԵՄ-ում և առանձին ԵՄ երկրներում ստեղծված միգրացիոն ճգնաժամերի, սկսեցին հաջողություն գրանցել, այս ամենի ֆոնին սկսվեց Brexit-ի գործընթացը, դա ևս ամրապնդեց այս ուժերի դիրքերը, ԵՄ առանձին անդամ երկրներում առաջացած խնդիրների պատճառով այս քվեարկությունը դարձավ նաև ԵՄ անդամ երկրների ներքին օրակարգերը կարգավորելու գործիք։ Սակայն, ըստ Լոռ Դելքուրի, մի բան է՝ կանխատեսել, և մեկ այլ բան՝ այս փոփոխությունը տեսնել իրականում։

Նրա խոսքով, գուցե էական փոփոխություններ նույնիսկ չլինեն, բայց, դատելով այս ուժերի թելադրած միտումներից, որոնք ձևավորել են հասարակությունները, նրանց պահանջը՝ ավելի փակ քաղաքականություն ունենալ, լուծել ներքին խնդիրները, կարելի է հստակ ասել, որ ԵՄ ակտիվությունը փոքր-ինչ կփոխվի արտաքին հատվածում, քանի որ այս ուժերը ԵՄ ներքին խնդիրները բարձրացողն են, ԵՄ-ն հարևան ազդակներից պաշտպանելու փորձեր և ջանքեր ներդրողները։

«Բնականաբար, այս միտումները որոշակիորեն կտարածվեն նաև Արևելյան գործընկերության երկրների վրա, որից առավելապես տուժելու են այն երկրները, որոնք ձգտում են ավելի լուրջ մերձեցման ԵՄ-ի հետ, և իրավիճակն այնպիսին է, որ նրանք պետք է փորձեն ավելի շատ ջանքեր ներդնել այդ նպատակի համար։ Հայաստանը, ըստ էության, ԱլԳ ամենահավակնոտ երկիրը չէ ներկայումս, քանի որ սերտ համագործակցություն ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Կիսելով եվրոպական արժեհամակարգը՝ Հայաստանը չունի եվրոպական կառույցներին անդամակցելու ցանկություն, ուստի Հայաստանում ենթադրաբար չի լինի այնպիսի հիասթափություն, ինչպիսին կարող է լինել այլ երկրներում քաղաքականության փոփոխության հետևանքով։

Այսինքն՝ ԵՄ-ն գուցե այս ծրագրին և այս երկրների հետ համագործակցությանը չտա այն կարևորությունը, ուշադրությունը, ռեսուրսները, որոնք տվել է նախկինում, քանի որ կունենա այլ առաջնահերթություններ։ Հայաստանի դեպքում ևս կարևոր են լինելու այն ազդակները, որոնք կտա հենց Հայաստանը, որը գտնվում է համաձայնագրի իրականացման և ավելի լայն վավերացման գործընթացի փուլում, որը ԵԽ-ում գործընթացների ավարտից հետո կրկին կվերադառնա անդամ երկրների կողմից վավերացման նախկին ռեժիմին»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի երկխոսության մեկնարկին և դրա արդյունքներին, վերլուծաբանն ասաց, որ դրանք ևս ընթացքի մեջ կհայտնվեն ամիսներ անց։ «Իսկ թե ինչ ապագա կունենան այդ բանակցությունները՝ չեմ կարող ասել։ Բնականաբար, եթե Հայաստանը համապատասխանի այդ ոլորտում եվրոպական չափորոշիչներին, ապա խնդիր չի լինի, իսկ եթե՝ ոչ, ապա հաջողություն չի լինի։ Պարզ է, կարծում եմ»,- ասաց նա։