Բժիշկները տղամարդու աղիներից 7 գդալ, դանակ եւ 2 ատամի խոզանակ են հանել

Բժիշկները ենթադրում են, որ տղամարդը տառապում է Պիկի հիվանդությամբ՝ սննդային վարքի խանգարում, որի դեպքում մարդն ուտում է բաներ, որոնք նախատեսված չեն ուտելու համար

Հնդկական Մանդի շրջանի վիրաբույժները պացիենտի ստամոքսից հանել են 7 գդալ, ատամի խոզանակներ, պտուտակահաններ եւ... դանակ։

Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, տղամարդը, որի անունը չի նշվում, բողոքել է ուժեղ ցավից որովայնում եւ հասցվել է Լալա Բահադուր Շասթրիի անվան Պետական բժշկական քոլեջ։ Ռենտգենը ցույց է տվել, որ տղամարդու ստամոքսում բազմաթիվ օտարածին մարմիններ կան։

Պացիենտին շտապ ուղարկել են վիրահատման, որի ժամանակ նրա աղիներից հանել են 7 փոքր պողպատե գդալ, 2 ատամի խոզանակ, 2 փոքր պտուտակահան, փոքրիկ դանակ եւ ձող։ Բժիշկները ցնցվել են այն բանից, որ պացիենտը ողջ էր մնացել դանակը կուլ տալուց հետո։

Բժիշկները ենթադրում են, որ տղամարդը տառապում է Պիկի հիվանդությամբ՝ սննդային վարքի խանգարում, որի դեպքում մարդն ուտում է բաներ, որոնք նախատեսված չեն ուտելու համար։

Ներկա պահին պացիենտը ծայրահեղ վիճակում է։ Նա պառկած է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Բժիշկները հույս ունեն, որ նա շուտով կապաքինվի։