Երեք ամիսների անկումից հետո ապրիլին առաջին անգամ ապրանքների արտահանման գրեթե 10 տոկոսանոց աճ ունենք

Տարվա կտրվածքով կունենանք ավելի բարձր աճ, քան դրված է բյուջեում՝ 4,5 տոկոս

Երեք ամիսների անկումից հետո ապրիլին առաջին անգամ ապրանքների արտահանման գրեթե 10 տոկոսանոց աճ ունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա վիճակագրության պետական կոմիտեի ցուցանիշն է: Մենք ունենք նաեւ մաքսային պետական ծառայության տվյալները, որոնք ավելի բարձր աճի մասին են վկայում՝ 14,5 տոկոս»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով արտահանման կառուցվքածին, նա ընդգծեց, որ բոլոր ուղղություններով գրանցվել է աճ. «Մենք ունենք արտահանման երեք ուղղություն. Եթե լեռնահանքանքային արտադրանքին է վերաբերում, արտահանվում է Չինաստան, եվրոպական շուկա եւ Ռուսաստան: Երկրորդ ուղղությունը ծխախոտի արտադրանքին է վերաբերում, որը տարեկան շուրջ 200 մլն դոլարի արտահանման ծավալ ունի: Այն արտահանվում է արաբական աշխարհ: Երրորդ հիմնական ուղղությունը ռուսաստանն է, որտեղ արտահանում ենք հիմնականում վերամշակող արդյունաբերական արտադրանքը՝ տեքստիլ, գյուղատնտեսական արտադրանք: Երեք ուղղություններով էլ աճ ենք ունեցել»,-ասաց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ արտահանումը կշարունակի լինել մեր տնտեսական աճի հիմնական շարժիչը:

«7 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք 4 ամսում, իսկ միայն ապրիլին այն կազմել է 9,2 տոկոս: Տարվա կտրվածքով կունենանք ավելի բարձր աճ, քան դրված է բյուջեում՝ 4,5 տոկոս»,-ասաց նախարարը: