Այս ի՜նչ օրն ենք ընկել. Պատկերացնում եք՝ Ադրբեջանում ոնց են ուրախանում. Բաբայան

Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում յուրաքանչյուր ոք պետք է զգույշ լինի հայոց պետականության նկատմամբ

«Հրապարակը» գրում է.

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով արդեն ոչ անհայտ՝ Ջիվան Աբրահամյանի՝ Բակո Սահակյնի գլուխը ցխելու սպառնալիքին, նախ, ասաց, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում յուրաքանչյուր ոք պետք է զգույշ լինի հայոց պետականության նկատմամբ։
«Սա լոկ խոսքեր չեն, մարդիկ կարող են ունենալ նախասիրություններ, տարբեր մոտեցումներ այս կամ այն անհատի նկատմամբ, բայց եթե ինչ-որ մի բան կա, որը հարված է հասցնում պետականությանը այդ բանի հարցում պետք է զգույշ լինել։ Արցախի պետականություն, Հայաստանի պետականություն տարբերություն չկա, հայկական պետականությունն ենք։ Հիմա այնպես է ստացվել, որ մեր հայրենիքը երկու պետականություններից է բաղկացած և ցանկացած հարված Արցախի պետականությանը հարված է հայոց պետականությանը և բոլորը պիտի ներքին զսպվածություն ինչ-որ բաներ ունենան»,-ասում է Դավիթ Բաբայանը։


Հիշեցնենք, որ շաբաթ օրվա հանրահավաքին, որից հետո հրավիրվել էր ոստիկանություն, Ջիվան Աբրահամյանը հայտարարել էր, որ պետք է Բակո Սահակյանի «գլուխը ցխել»…

Նա նորից հիշեցրեց հայտնի և նախկինում չարչրկված այն խոսքը, որ մի արեք, որ թուրքը չուրախանա ու ավելացրեց ․«Այս ի՜նչ օրն ենք ընկել, այս ուր ենք հասել, մենք ինչու՞ պիտի մեկս մյուսին վիրավորենք։ Կարելլ է պատկերացնել, թե հիմա Ադրբեջանը ոնց է հրճվում»։

Հարցին, թե սույն հայտարարությունը համարու՞մ է սադրանք, Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պատասխանեց՝ ցանկացած բան, որ հարված է հասնում պետականությանը, լինի միտումնավո՞ր, թե ոչ, հարված է հասցնում պետականությանը։ Ավելացրեց՝ կարելի է անվանել սադրանք, այլ բան, բայց չի ուզում պիտակավորել միայն փաստն է փաստում։