ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը

Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի

Irakanum.am-ի հավաստի տեղեկություններով` ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան տվել։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։

Հիշեցնենք, որ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտարարել էր, որ «Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»:

Հիշեցնենք, որ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝ Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Հայաստանում Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Պողոսյանը հայտնաբերվել էր և ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում: