Սահմանադրական դատարանի պատվիրակությունը Արցախում է

Նրանց ընդունել է Աշոտ Ղուլյանը
Աշոտ Ղուլյան

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը կարևորել է դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի և Արցախի շարունակական համագործակցությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախում ակտիվորեն ընթանում է օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը, ու ՀՀ գործընկերների հետ հանդիպումները և մտքերի փոխանակումը նշանակալի աջակցություն է գործընթացի արդյունավետ իրականացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդգծել է երկու հայկական հանրապետությունների գործուն կապերի ընդլայնման անհրաժեշտությունը թե՛ օրենսդրական կարգավորումների մշակման, թե՛ սահմանադրական արդարադատության իրականացման բնագավառում:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը: