Ի՞նչ ենք մենք ստանալու այստեղ՝ ոչ թե ելույթների, այլ ուղենիշների տեսքով

Պատգամավորը՝ անցումային արդարադատության մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, թե խոսում են մի բանի մասին, որի հետ կապված կան ուղենիշներ, բայց չկա հստակ մեկ մոտեցում, որն ընդունելի կլինի յուրաքանչյուր երկրի համար։

«Հանրային լսումները ոչ միայն ելույթների և խոսելու տեղ է, այլև արդյունքներ ստեղծելու։ Երկրորդ մասով կարծում եմ, որ, եթե չունենք այն հարցադրումների շղթան, որին պետք է անդրադառնանք, դրանից արդյունքը կաղալու է։ Այսինքն՝ ի՞նչ ենք մենք ստանալու այստեղ՝ ոչ թե ելույթների, այլ ուղենիշների տեսքով։ Ինքս կփորձեմ երկու բովանդակային հարց դնել և ակնկալել, որ ապագայում, եթե ոչ՝՝ այսօր, փորձենք սրա մասով խոսել»,- շեշտեց պատգամավորը։

Ըստ նրա՝ առաջին հարցադրումը վերաբերում է նրան, թե ո՞ր ժամանակահատվածը պետք է ներառեն, քանի որ  ժամանակահատվածից կախված՝ առաջանում է վարչարարության բեռ, երկրորդ՝ տնտեսական  հարցերի ո՞ր համախումբն է, որ պետք է ընդունելի լինի տվյալ ժամանակահատվածի մեջ։

«Այս երկու հարցերն այն ուրույն գծերն են, որ յուրաքանչյուր երկիր ինքն է փորձում, կախված կառուցակարգերից, տալ դրանց պատասխանը»,- եզրափակեց Արտակ Մանուկյանը։