Թերեզա Մեյը հազիվ է զսպել արցունքները

Մեծ Բրիտանիան նոր վարչապետ կունենա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Սա նշանակում է նաև, որ նա մեխանիկորեն պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Նա սակայն հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության ղեկավարի նոր ընտրություններ: Թերեզա Մեյի հայտարարությանը Մեծ Բրիտանիայում սպասում էին բավական երկար ժամանակ՝ նրանից պահանջելով հրաժարական ներկայացնել՝ նկատի առնելով Բրեքզիթի հարցում նրա ձախողումը:

Երեքշաբթի օրը Բրեքզիթի մասին նոր առաջարկների հարցում հերթական ձախողումից հետո նրա կառավարությունը առավել ուժգին ճնշումների ներքո հայտնվեց:

Թերեզա Մեյն հրաժարականի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի և ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդի հետ հանդիպումից անմիջապես հետո: Իր հեռանալու մասին հայտարարելով՝ նա նշել է, որ խորապես ցավում է, որ այդպես էլ չկարողացավ աջակցություն ստանալ Բրեքզիթի հարցում: «Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը:

Լրատվամիջոցները նկատել են, որ դա ասելիս նա հազիվ է զսպել արցունքները:

Հիշեցնենք, որ Թերեզա Մեյի՝ Բրեքզթի հարցում ներկայացրած երեք նախորդ փաստաթղթերը մերժվել էին խորհրդարանում: Նա երեքշաբթի օրը նոր առաջարկ ներկայացրեց՝ դրանում ընդգրկելով նաև Բրեքզիթի հարցով նոր հանրաքվե անցկացնելու հարցը: Այդ կերպ նա փորձում էր իր կողմը գրավել այն գործիչներին, որոնք պահանջում էին Բրեքզիթի հարցով նոր հանրաքվե անցկացնել: Չնայած դրան՝ նրա ներկայացրած բանաձևը դարձյալ չարժանացավ հավանության: Դրանից հետո՝ չորեքշաբթի օրը հրաժարական տվեց Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լեդսոմը՝ հայտարարելով, որ այլևս չի հավատում, որ այս կառավարությունը կարող է մինչև վերջ հասցնել երկիրը ԵՄ -ից դուրս բերելու գործընթացը:

Պահպանողական կուսակցության նոր լիդերի ընտրության գործընթացը կսկսվի հունիսի 7-ից, չնայած հիմնական թեկնածուն արդեն հայտնի է՝ նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: Նա հայտարարել է իր թեկնածությունը առաջադրելու մասին: Նման հնարավորությունը դիտարկում են նաև Համայնքների պալատի արդեն նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը: Պոտենցիալ թեկնածուներ ե համարվում նաև գործող ԱԳ նախարարն ու ՆԳՆ-ն: Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի, հետևաբար նաև կառավարության ղեկավարի ընտրության ողջ գործընթացը կտևի մոտ 6 շաբաթ: Մեյը այդ ընթացքւոմ կմնա որպես վարչապետի պարտականությունները կատարող: Այդ ընթացքում նա նույնիսկ կհասցնի ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նախատեսում է Մեծ Բրիտանիա գալ հունիսի սկզբին: