Լեգիտիմության միֆը

Փաշինյանը իմացավ, որ կա՛ն դատավորներ, ովքեր իրեն ո՛չ են ասում` չեն գնում իրենց խղճի ու պատվի հետ գործարքի և հրաժարվում են քաղաքական պատվեր կատարել

Վերջին օրերի զարգացումներն անբեկանելիորեն ապացուցում են, որ մեկ տարի առաջ ձեռնարկված իշխանափոխությունը Փաշինյանն այլևս ի զորու չէ շարունակել։ Իշխանափոխության ընթացքն այլևս կասեցված է, իսկ իշխանությունն անշրջելիորեն տապալվում է։ Օրենսդիր և գործադիր իշխանությունները բռնի զավթած վարչապետն, այնուամենայնիվ, չհասցրեց ամբողջատեր դառնալ։ Հիմա Փաշինյանը նման է այն շվաբին, որի ձին սատկեց հենց այն օրը, երբ գեղջուկը համոզվել էր, թե ձին վարժվել է չուտելուն։

Հենց Փաշինյանը համարձակվեց իր բռնակալական ռեժիմի ամենասարքված քրեական գործն ուղարկել դատարան, դեռ նախնական նիստում` օրենքի հետ առաջին իսկ հպումից նրանում հավաքված ողջ ջուրը չորացավ, բոլոր հնարված հիմքերը փլվեցին, շանտաժով ու հարկադրանքով ձեռք բերված բոլոր փաստերը ցիրուցան եղավ։ Դատարանը բացահայտեց քրեական գործի վերածված քաղաքական վրիժառության իրավական դատարկությունը։

Փաշինյանը իմացավ, որ կա՛ն դատավորներ, ովքեր իրեն ո՛չ են ասում` չեն գնում իրենց խղճի ու պատվի հետ գործարքի և հրաժարվում են քաղաքական պատվեր կատարել։ Փաշինյանը հասկացավ, որ անկարող է ու այլևս իրեն չի հաջողվի ամբողջությամբ բռնազավթել իշխանությունը։ Մենք էլ համոզվեցինք, որ քանի դեռ դատական իշխանությունում կան անկախ, անաչառ, օրինապահ ու ողնաշար ունեցող դատավորներ, դատախազներ, քննիչներ` բռնակալն անզոր է։

Հիմա Փաշինյանն իր մորթը փրկելու, սահմանադրությունն ու օրենքները բռնի ոտնահարելու պատասխանատվությունից խուսափելու ուղի է փնտրում։ Դատական համակարգին, դատարաններին, նույնիսկ Սահմանադրական դատարանին նա պատերազմ է հայտարարել։ Իր բռնատիրությունը պաշտպանելու նրա գտած քայլը դարձյալ հակասահմանդրական է։ Նա փորձում է զինվել «անցումային արդարադատություն» կոչված իրավակործան գործիքով, օրինազանցորեն նրան տալ հետադարձ ուժ, վերացնել անմեղության կանխավարկածը, ապա ժողովրդի անունից հաշվեհարդար տեսնել բոլոր անցանկալիների` «թշնամիների» նկատմամբ։ Եվ այս ողջ հանցավոր շղթայի միակ արդարացումը նրա գոյություն չունեցող լեգիտիմությունն է։

Ուստի և. այլևս անհրաժեշտություն է` քննել ու հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի լեգիտիմությունը և նա ունի՞ ժողովրդի անունից խոսելու իրավունք։ Փաշինյանի միակ հիմնավորումը ԿԸՀ-ի արձանագրած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են։ Իրականությանը դրանց համապատասխանությունը չվիճարկելու դեպքում անգամ անհերքելիորեն պարզ է, որ գործող օրենսդիր մարմինը արդար ընտրությունների արդյունք չէ, իսկ այդ ԱԺ-ի մեծամասնության քվեով վարչապետ դարձած անձը ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը չէ։

Իսկ հիմա անբեկանելի, միանշանակ, անկառու փաստեր։ 2017-ին ընտրված վեցերորդ գումարման ԱԺ-ն լուծարվել է անձամբ Փաշինյանի կազմակերպած շանտաժի ու ռեպրեսիաների, զանգվածային ու համացանցային ճնշումների, տարաբնույթ հարկադրանքի ու սպառնալիքների պայմաններում տեղի ունեցած մի շարք ձևական քվեարկությունների, նաև հոկտեմբերի 2-ին Փաշինյանի կոչով կայացած զանգվածային բռնությունների գործադրման հետևանքով։ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները կազմակերպվել են Ընտրական օրենսդրքի մի շարք պահանջների ու դրույթների կոպիտ խախտումներով, նախընտրական ողջ շրջանն ուղեկցվել է քաղաքական ռեպրեսիաներով ու աննախադեպ անօրենություններով, քվեարկությունը տեղի է ունեցել տոտալ ուղղորդումների ու վերահսկման պայմաններում։

Ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններին մասնակցել է` քվեարկել է ընտրողների միայն 48,63%-ը։ Այսինքն. մեր երկրի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը բոյկոտել է արտահերթ ընտրությունները և այս կերպ արտահայտել իր անվստահությունը թավշյա իշխանափոխության նկատմամբ։ Եվ սա այն դեպքում, որ թելադրված սցենարով բեմադրված ձևական ընտրություններին մասնակցությունը «խիստ ներկայացուցչական» է եղել։ 11 քաղաքական ուժերից ու դաշինքներից նվազագույն անցողիկ շեմը «հաղթահարել» են միայն 3-ը, իսկ քվեների 70,43%-ին տիրացել է Փաշինյանի բոլորին անճանաչ ու անհայտ ՔՊ-ն։

Այսինքն. խորհրդարանական մեծամասնության հաշվին գրանցվել է ընտրողների միայն 34% քվեն։ Ստացվում է, որ մեր երկրի քաղաքացիների 66%-ը, գերակշիռ ու ջախջախիչ մեծամասնությունը մերժել է և՛ Փաշինյանին, և՛ նրա թավշյա հեղաշրջումը, և՛ կատարված իշխանափոխությունը։ Միանշանակ է, որ Փաշինյանի լեգիտիմությունը նրա իսկ հնարած միֆն է։

Հետևաբար. Փաշինյանը չունի ժողովրդի անունից խոսելու, անգամ ծպտուն հանելու իրավունք։ Սահմանադրական կարգի տապալման, սահմանադրության ու տասնյակ օրենքների ոտնահարմամբ, փաշինյանի կամային որոշմամբ բաշխված մանդատներով ձևավորված ԱԺ-ն լեգիտիմ չէ։ Ոչ լեգիտիմ ԱԺ-ի փաշինյանական «մեծամասնությանը» թելադրված, ձևական քվեարկությամբ վարչապետ դարձած Փաշինյանն ինքնաբերաբար չի կարող լեգիտիմություն ունենալ։ Ոչ լեգիտիմ վարչապետի ձևավորած կառավարությունն ինքնին օրենքից դուրս է և զուրկ է լեգիտիմության որևէ մասնիկից։

yerevan.today