ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը

Նրանք խորհուրդ չեն տալիս պետություններին դիմելու լյուստրացիայի գործընթացին

Լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ ՄԻԵԴ-ի գնահատմամբ, որովհետեւ ընթացակարգային երաշխիքներ չի ապահովում լյուստրացիայի ենթարկվող անձի համար: Այս մասին Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Հարցին, թե որեւէ դիրքորոշում ունի՞ իշխանությունը արդարադատական համակարգում օրենսդրորեն լյուստրացիա  ձեւակերպելու եւ իրականացնելու հարցում, փոխնախարարը պատասխանեց. «Ինչպես ՄԻԵԴ-ը, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը, չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը եւ դիտարկում են որպես հիմնական դատավարական ընթացակարգային իրավունքները սահմանափակող: Նրանք խորհուրդ չեն տալիս պետություններին դիմելու լյուստրացիայի գործընթացին, փոխարենն այսօր ավելի ու ավելի կիրառելի է համարվում վեթինգի գործընթացը, որը դատավարական երաշխիքների տեսանկյունից ավելի ընդունելի է վերոնշյալ կառույցի փիլիսոփայության տեսանկյունից»,-ասաց Վարդապետյանը: