Առատություն

Երբ դուք օգնում եք, այդ ժամանակ դուք էլ եք օգնություն ստանում, և այդպես ձեր օգտակարության շրջանակը շարունակ մեծանում ու ընդարձակվում է


Մայիսի 23

Աշխարհը այդպես էլ չի տեսնում ձեր ներաշխարհի մեջ կատարված փոփոխությունները: Տեղյակ չէ ձեր սրտացավերին ու նեղություններին, ձեր շահած պատերազմներին, հաղթանակներին ու դժվարություններին:

Բայց դուք երկուսդ էլ շնորհակալ եղեք, որ կա այդ մասին իմացող Մեկը: Մեկը, որ հաշվի է առնում ամեն մի տագնապ, ճիգ ու գլխացավանք:

Քանի որ դուք հենց այնպես լսողներ չեք միայն, պետք է ճանաչեք տագնապի ու նեղության մատնված այն հոգիներին, որոնց մասին տեղեկացնում եմ ձեզ, որպեսզի անպայման օգնեք նրանց: Բայց դուք շատ հաճախ հարկավոր չափով չեք օգնում նրանց: Երբ դուք օգնում եք, այդ ժամանակ դուք էլ եք օգնություն ստանում, և այդպես ձեր օգտակարության շրջանակը շարունակ մեծանում ու ընդարձակվում է:

Ընդունեք, որ դուք Իմ աշակերտներն եք և մասնակից եք հինգ հազարի կերակրմանը, և, ահա, Ես ձեզ տալիս եմ ուտելիք, և դուք բաժանում եք, և այդպես շարունակ: Երբ ձեր մոտ այդչափ քիչ հաց ու ձուկ կա, դուք կարող եք ասել. «Մենք միայն մեր կարիքները բավարարելու չափով ունենք»: Միայն Իմ օրհնությունը չէր, որ հացը բազմացնելու հրաշքը կատարեց, այլ նաև իմ աշակերտների բաշխելը:

Դուք էլ ձեր էության մեջ զգացեք, որ Առատորեն տրված է ձեզ անհրաժեշտը, ինչպես անապատի մեջ կերակրվողները զգացին: «Նրանք բոլորն էլ կերան ու կշտացան»: Մինչև անգամ կտորտանքներ ավելացան:

Ես տալիս եմ ձեզ Բաց Ձեռքով ու Բաց Սրտով: Հիշեք ձկների վտառը: Նավը ընկղմվելու, իսկ ուռկանները պատռվելու աստիճան լցվեցին Իմ տված ձկներով: Ձեր մտքից հանեք ամեն տեսակ սահմանափակում, երբ հարցը Իմ Տալուն է վերաբերում:

Առատությունը Աստծո բաշխելու ձևն է: Դարձյալ կրկնում եմ՝ հանեք ձեր մտքից Ինձ սահմանափակող ամեն մի մտածում: Տեղատարափներ ստացեք և ձեր հերթին ուրիշների վրա առատորեն տեղացեք: