Վարչապետը մեղավորներ է փնտրում պարտությունը նրանց վրա բարդելու համար․ Հայկ Նահապետյան

Պետք է հիշել, որ Արցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանում իշխանության համար պայքար էր գնում, և այդ պայքարը մահուկենաց էր

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ չնայած Ադրբեջանն ի սկզբանե հայտարարել է, որ մայիսի 20-24 անցկացվող զորավարժությունները հակահարձակողական բնույթի են, բայց եղած տեղեկությունն ուսումնասիրելու արդյունքում պարզվում է, որ Ադրբեջանն ունի նաև ոչ միայն իր տարածքները վերականգնելու, այլ նաև՝ հարձակում-ճեղքում անելու, նոր տարածքներ գրավելու մարտավարություն:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությունները ցույց են տալիս, որ ոչ միայն նպատակ ունեն, օրինակ, Շուշին գրավելու, այլ նաև՝ Երևանը:

«Երևանն իրենց պատմական հայրենիքի մի մաս ասելով՝ իրենք իրենց ուղերձն են հղում նախ ներքին լսարանին: Առաջին հերթին հոգեբանորեն պատրաստում են իրենց ժողովրդին, որ հնարավոր պատերազմի դեպքում իրենք չեն բավարարվելու Արցախի «ազատագրումով», իրենք «ազատագրելու» շատ տարածքներ ունեն, ներառյալ Երևանը: Ցանկանում են սպայական կազմին ներկայացնել, որ նրանց ցանկացած ռազմական գործողությամբ, տարածքներ մտնելով՝ մտածեն, որ առաքելություն են իրականացնում և վերականգնում են իրենց կորցրած հայրենիքի մի մասը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը մայիսի 20-24-ը հերթական լայնածավալ զորավարժություններն է սկսել` 10 հազար զինծառայողի մասնակցությամբ: Սա  ադրբեջանական զինված ուժերի՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ, իսկ վերջին տասը ամիսների ընթացքում երրորդ լայնամասշտաբ զորավարժությունն է: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ օպերատիվ-մարտավարական վարժանքները ղեկավարում է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հայկ Նահապետյանը նշեց, որ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից անցկացվող արդեն 2-րդ լայնամասշտաբ զորավարժությունների ֆոնին՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են խաղաղության նախապատրաստվելու մասին, դավադիրներ ենք փնտրում մեզանում, անընդհատ լարվում են Հայաստանի և Արցախի միջև հարաբերությունները:

«Պետք է հիշել, որ Արցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանում իշխանության համար պայքար էր գնում, և այդ պայքարը մահուկենաց էր: Շատ բնական է, որ երբ երկրում չկա միակամություն, չկա ժողովրդի հավատ իշխանության նկատմամբ,  վստահություն, որը ցանկացած հաղթանակի համար կարևոր նախապայման է, հոգեբանական խնդիրներ են առաջանում, կարող ես պարտություն կրել»,- ասաց նա:

Ռազմական փորձագետն անհասկանալի է համարում, որ արդեն շուրջ մեկ տարի Հայաստանը խաղաղություն է քարոզում: «Դա արվում է այն դեպքում, երբ մենք դրա կարիքը չունենք, որովհետև մեր կողմից երբևիցե ռազմաշունչ հռետորաբանություն, Ադրբեջանը արյան ծով դարձնելու կոչեր չեն հնչել: Պետք չէ մեր ժողովրդին խաղաղության նախապատրաստել, քանի որ դա անիմաստ է: Նրանք, ովքեր փորձում են մեզ խաղաղության նախապատրաստել կամ անմեղսունակ են, կամ գործակալ են, ընդ որում, պարտադիր չէ, որ այդ գործակալն ադրբեջանաթուրքական տանդեմին պատկանի: Նա կարող  է միջնորդավորված անել դա․ պատվիրատուն լինեն Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները, իսկ դա արվի, օրինակ, եվրոպական կազմակերպությունների միջոցով»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարություններին, որ ինքը տեսնում է ուժեր, որոնք նպատակ ունեն դավադիր պատերազմ հրահրել, որոշ տարածքներ հանձնել և դրա պատասխանատվությունը գցել ՀՀ կառավարության վրա, Հայկ Նահապետյանը նշեց, որ վարչապետը վտանգավոր մտքեր է հնչեցրել: 

«Պարզունակ տեքստ չէր: Վերջերս վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը մեղավորներ է փորձում փնտրել  հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմի պարտությունը նրանց վրա բարդելու համար: Այլևս մեղավորները պատրաստ են․ դրանք Արցախի իշխանություններն են: Ավելին՝ Արցախի իշխանությունները ներկայացվում են որպես պատերազմ սկսող կողմ, ինչը Ալիևի քարոզչական մեքենայի ջրաղացին է ջուր լցնում, թույլ է տալիս ռազմական գործողություններն սկսել՝ մեղքը բարդելով հայկական կողմի վրա, փաստ բերելով Նիկոլ Փաշինյանի  արած հայտարարությունը»,- ասաց նա: 

Նա վտանգավոր համարեց նաև այն, որ «Հայաստան-Արցախ հակասությունների ֆոնը կենտրոնանում է այն անձանց վրա, որոնք մարմնավորում են շատ կարևոր բաներ»: 

«Նրանք մարմնավորում են այնպիսի բաներ, ինչպիսին  Արցախի տարածքների պահպանումն է: Նրանք կողմ են, որ եթե պետք լինի, կարող են ոչ միայն Արցախը պաշտպանել, այլև անցնել հակառակորդի տարածք: Այդ մարդկանցից մեկը այս 20-30 տարիների ընթացքում խորհրդանիշ դարձած Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է»,- ասաց նա՝ նկատելով, որ հիմա Հայաստանի իշխանությունների ամենաբարձր էշելոնների կողմից նրա նկատմամբ տարվում է քարոզչական պատերազմ: Այս համատեքստում նա հիշատակեց մի քանի օր առաջ Վիտալի Բալասանյանին տեղափոխող ավտոմեքենան Երևանում ոստիկանների կողմից կանգնեցնելը: 
 
Հայկ Նահապետյանը մտավախություն հայտնեց, որ ի վերջո նման քայլերով այսօրվա իշխանությունները կբերեն մի իրավիճակի, որ հակառակորդը հատուկ ծառայությունների միջոցով մեր հոգեվիճակը պարզելուց, հասկանալով հետո, որ հայ զինվորը պատրաստ չէ իր հրամանատարի հրամանը կատարելուն, կօգտվի առիթից:

«Ամեն ինչ տանում են դեպի 1918 թվականի Կարսի ամրոցի անկման գործընթացին: Բայց կարծում եմ, որ Հայաստանում կան ուժեր, կառույցներ, կազմակերպություններ, որոնք ընդդիմանում են»,- ասաց նա: 

Ադրբեջանը, ըստ Հայկ Նահապետյանի, հակահարձակողական բնույթի զորավարժություններ իրականացնելով, փորձում է աշխարհին էլ ցույց տալ, որ ինքը պարզապես պաշտպանվում է, Հայաստանն է ագրեսիայի դիմում:

«Ադրբեջանն իր գործողություններն ազատագրական է համարում: 2016 թվականին էլ, երբ Ապրիլյան պատերազմն էր, Եվրախորհրդի ամենաբարձր պաշտոնյաներից Պեդրո Ագրամունտը իր կառույցի անունից հայտարարեց, որ Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Սա նշանակում է, որ Եվրամիությունը, նաև Միացյալ Նահանգները Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողություն, որն իր մեջ ագրեսիա կրում, և ռազմական օկուպացիայի խնդիր կա, դիտարկելու են որպես ազատագրական գործողություններ:

Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանի դեմ միայն Ադրբեջանը չի պայքարում, այլ նաև՝ Թուրքիան: Իսկ վերջինս տնտեսական շրջափակումով Հայաստանին արդեն պատերազմ է հայտարարել: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ՆԱՏՕ-ի ողնաշարն էլ ԱՄՆ է, ըստ այդմ, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած ոտնձգություն առաջին հերթին ԱՄՆ-ի և ԵՄ-ի թողտվության ձևով է լինելու»,- ասաց նա: