Ունենք 2 խոշոր արտադրողներ ու որոշել ենք էս երկու խոշոր արտադրողներին ասենք՝ փակվեք հըլը շուտ

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

 

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկում ծավալվեց ցեմենտի տուրք սահմանող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթի շուրջ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կառավարությունը փոփոխություն է կատարել նախագծում և ներկրվող ցեմենտի տուրքը 22 հազար դրամի փոխարեն՝ այժմ առաջարկում է սահմանել 14 հազար դրամ, սակայն կլինկերի վրա պետտուրք չի սահմանվում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կրկին բողոքեցին կլինկերի կապակցությամբ: Արտյոմ Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն աշխատանքային քննարկմանը չի մասնակցել, և ողջ պատասխանատվությունն իշխանության վրա է: Նա զարմանք արտահայտեց, որ ցեմենտի վրա տուրքը 40% նվազեցվել է, իսկ կլինկերի վրա չի դրվել:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կես տարում ցեմենտի ինքնարժեքն իջել է, և այդ պատճառով է նվազեցվել ներմուծվող ցեմենտի տուրքը.

«Ի սկզբանե ներկայացված է եղել, որ ցեմենտի ինքնարժեքը մեկ տոննայի համար միջինը 36-37 դրամ է, իսկ հիմա պարզվել է, որ ցեմենտի ինքնարժեքը միջինը 29 դրամ է»:

ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը հայտարարեց, թե այսօրվա քայլերը՝ արտերկրյա «ինչ-որ կլինկեր կոչված հումքը» չհարկելը, սխալ է.

«Մեր ներքին արտադրողի նկատմամբ նման ձևի մոտեցումները լրիվ չհասկացվող երևույթներ է: Էս քայլերով, գալու ա ժամանակը, որ ներքին արտադրող չեք ունենա: Ես կրկնում եմ, պետք է  էս հարցին մի քիչ ավելի ուշադիր լինենք: Ունենք 2 խոշոր արտադրողներ ու որոշել ենք էս երկու խոշոր արտադրողներին ասենք՝ փակվեք հըլը շուտ: Էսի մոտեցում ա՞: Էսի մոտեցում չի ընդհանրապես: Պետք ա արտասահմանից ինչ-որ մի հատ հումք բերենք, ներքին արտադրողին նեղացնենք, ներքին արտադրողը նեղվի, նեղվի»:

Ըստ նրա՝ տեղական գործարանները կամ կփակվեն, կամ աշխատողներին կկրճատեն ու կփոխեն աշխատանքի ձևը:

ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը հիշեցրեց երկրաշարժը, ավերածությունները, ու մարդիկ հայհոյում էին շինարարներին, որ անորակ են կառուցել շենքերը. «Թվերի համար պատասխան տալը հեշտ է, բայց մարդկանց կյանքերի համար շատ դժվար է լինելու: Մեր երկիրը գտնվում է երկրաշարժի գոտում, պետք է մտածենք նաև որակի մասին: Պարսկական ցեմենտը ոչ մի փորձաքննություն չի անցել: Եթե էսօր ոչ ոք պատասխան չտա, վաղը նորից մնալու է մեր խղճներին մեր ժողովրդի էդ տանջանքներն ու ցավերը»:

Պատգամավորները Տ.Խաչատրյանին հարց ուղղեցին՝ վստա՞հ եք, որ ցեմենտի պետտուրքը բարձրացնելու օրենքը չի ճանաչվի հակասահմանադրական:

Նախարարը նշեց, որ իրենց խնդիրն առաջնահերթ աշխատատեղերի կրճատում թույլ չտալն է, նաև օրենքն առայժմ միայն մեկ տարով է. «Պետտուրքը որ փոխենք, չի դառնա հակասահմանադրական, որովհետև նա էլ է օրենք, նա էլ, քննարկում ենք փաթեթով և կիրառում ենք օրենքի փոփոխությամբ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ Սահմանադրությամբ չի կարելի վատթարացնող նորմը ներդնել, և այս նախադեպը շատ բացասական է լինելու մեր ներդրումային մթնոլորտի համար:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը հակադարձեց, որ մեր տեղական արտադրողները նույնպես ներդրողներ են, և օրենքը միտված է նրանց պաշտպանելու, ու սա լավ ազդակ է մյուս ներդրողների համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, գրում է 168.am: