Նիկոլ Փաշինյանը հատեց անդունդը

Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի համար ընդհանրապես ստեղծվեց ալիբի` հավատալու դատարանի անկախությանը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից` հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: 

Դատարանի այս որոշումը հանրային տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Պետք է արձանագրել մի բան, որ, որպես կանոն, դատարանի որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, ինչ գործի առնչությամբ էլ որ այն կայացված լինի, երբեք չի կարող ընդունելի լինել բոլորի համար հավասարապես: Այս տեսանկյունից բնական է, որ կարծիքները միանշանակ չեն` հաշվի առնելով հատկապես, որ Քոչարյանի կալանքի գործի նկատմամբ ի սկզբանե հանրային լայն ուշադրություն էր սևեռված: Կալանքի` որպես խափանման միջոցի փոփոխության որոշումը, սակայն, արդարացման դատավճիռ չէ, ոչ էլ գործի կարճման որոշում է: Դատավարության ընթացքում, եթե կապացուցվի երկրորդ նախագահի մեղքը, և դատարանը կարձակի մեղադրական դատավճիռ, ապա օրենքի ուժով Ռոբերտ Քոչարյանը պարտադրված կկրի սահմանված պատիժը: Այս փուլում, սակայն, կալանքի վերացումը հիմնավորված, պատճառաբանված և կշռադատված որոշում էր` ելնելով ոչ միայն հարցի իրավական, այլ նաև քաղաքական, մարդասիրական և հանրային լարվածությունը չեզոքացնելու տեսանկունից:

Այն, ինչ տեղի էր ունենում դատարանի դահլիճի մոտ վերջին մի քանի դատական նիստերի ժամանակ, հանրային թշնամանքի և ատելության ուղղակի դրսևորում էր, որի հետագա զարգացումը կարող էր ունենալ անթույլատրելի դրսևորումներ, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ: Դատարանի որոշումը հանրային հաշտեցման, ներքին խաղաղության վերահաստատման համար հիմնավոր քայլ է, առանց որի անհնար է պատկերացնել ստեղծագործ աշխատանքն ու երկրի զարգացումը: Որպես հասարակություն` մեր խնդիրն այսօր անցյալի ջրբաժանը հատելն ու դեպի առաջ գնալն է, իսկ դրա համար առաջին հերթին հաշտության և վստահության մթնոլորտ է անհրաժեշտ: Սա հենց այն է, ինչն այսօր ամենաշատն է պակասում նոր Հայաստանին:

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշմամբ` Նիկոլ Փաշինյանը հատեց անդունդը` հեղափոխության առաջնորդի աստիճանից կարևոր քայլ կատարելով դեպի երկրի առաջնորդի պատասխանատու աստիճան: Դատարանի որոշումը գոնե այս փուլում զրկեց Քոչարյանին քաղաքական հալածյալի կարգավիճակից: Իսկ այդ կարգավիճակին նա հավակնում էր հենց միայն այն պատճառով, որ գործի շրջանակում կալանավորված միակ անձն էր, այն դեպքում, երբ սահմանադրական կարգի տապալման մեջ նույն գործով մեղադրվող մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանքը չէր ընտրվել:

Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի համար ընդհանրապես ստեղծվեց ալիբի` հավատալու դատարանի անկախությանը, որը իրավական և ժողովրդավարական պետության գլխավոր նախապայմանն է: Ի վերջո, արդարադատության համար կարևորը ոչ թե կողմերն են` իրենց պահանջներով, այլ գործի էությունը` ներկայացված փաստերով, գրում է hayeli.am: