Հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում

Լևոն Քոչարյանը՝ ընդդեմ հոր ակցիայի մասնակիցների մասին

Որոշումը այնքանով է բավարարել, որ հայրս հիմա պետք է ազատության մեջ լինի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշվեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Նրա նկատմամբ կիրառվեց անձնական երաշխավորություն։

Լևոն Քոչարյանը նշեց, որ ինչ-որ տեղ իր համար այս որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության երկու նախագահների երաշխավորությունները:

Լրագրողի հարցին, մինչ այդ պաշտպանները հայտարարում էին դատարանի նկատմամբ ճնշումներ կան, հիմա այդ կարծիքը փոխվե՞լ է, Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Շարունակությունը կտեսնենք, պրոցեսը չի վերջացել, ինձ թվում է հետո կհասկանանք ճնշումներ կան, թե ոչ»:

Երկրորդ նախագահի որդին ընդգծեց, որ իր հոր այս ժամանակահատվածում անազատության մեջ լինելը իրենք ապօրինի են համարում:

Խոսելով ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցների մասին՝ Քոչարյանն ասաց, որ հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում:

Հարցին՝ որտեղից է ուղղորդվում, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ պարզ է բոլորին»: