Սամվել Բաբայանին կհիշեցնեն, իսկ որտե՞ղ կլինեն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները

Մոնթե Մելքոնյանի, Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի այլ կարևոր դերակատարների առեղծվածային սպանություններն ու հատկապես դրանց մինչ օրս բացահայտված չլինելը ցավալի վերք են

Արցախում, ազատամարտի հերոսների ակտիվ մասնակցությամբ, վտանգավոր զարգացումներ են սկսվել, որի դեմը պետք է օր առաջ առնել: Հերոսները գուցե չմտածված կամ որ, առավել հավանական է, կոնյուկտուրային ինչ-որ պլաններից ու պայմանավորվածություններից ելնելով` բռնել են ինքնաոչնչացման ճանապարհը:

Խոսքը մասնավորապես Արցախի հերոսներ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի միջև տեղի ունեցող հրապարակային բանավեճի և միմյանց հասցեին ուղղված ծանրագույն մեղադրանքների մասին է: 
Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը Արցախի մի շարք բնակավայրերում բնակչության հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին մեղադրել է Մոնթեի մահվան հանգամանքներին առնչություն ունենալու համար: Սրան ի պատասխան` Վիտալի Բալասանյանը է հայտարարել է, թե Սամվել Բաբայանը 
առնչություն ունի Արցախի ԱԺ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի, մարտական հրամանատարներից Վանքեցի Յուրայի, 5-րդ պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի սպանությանն ու այդ տարիների այլ հանցագործությունների հետ, և այդ պատճառով է, որ այդ սպանությունը չի բացահայտվել:

Մոնթե Մելքոնյանի, Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի այլ կարևոր դերակատարների առեղծվածային սպանություններն ու հատկապես դրանց մինչ օրս բացահայտված չլինելը ցավալի վերք են, և դրանց հետ կապված հայտարարությունները միշտ կարող են պայթյուն առաջացնել: Բայց անթույլատրելի է, որ այդ պայթյունն օգտագործվի հանուն քաղաքական ինչ-որ ճղճիմ նպատակի: Կասկածից դուրս է, որ Վիտալի Բալասանյանն ու Սամվել Բաբայանը Արցախում տեղի ունեցած այդ հրեշավոր սպանությունների վերաբերյալ իրական ինֆորմացիայի են տիրապետում: Բայց ամենակարևորն այստեղ ոչ թե այդ ինֆորմացիայի բարձրաձայնումն է, այլ պահի ընտրությունը: Ինչո՞ւ նրանք ժամանակին չեն խոսել այս հարցերի մասին և ինչո՞ւ է հանկարծ հիմա օրակարգ մտցվել 25-30 տարի առաջ կատարված հրեշավոր սպանությունների հարցը: Սա այն դեպքն է, որ հերոսների կատարած սխրանքը չի վիճարկվում: Սա փաստ է: Բայց փաստ է նաև, որ Արցախում ցանկացած քաղաքացի, Սամվել Բաբայանի հերոսությունները ներկայացնելուն զուգահեռ, ներկայացնում է նաև նրան ուղղակիորեն վերագրվող առնվազն տասնյակների հասնող հանցավոր արարքներ:

Հանրության հիշողությունն այդքան կարճ չէ: Շատերն են հիշում, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանատար եղած տարիներին ահ ու սարսափի ինչ մթնոլորտ էր ստեղծել Սամվել Բաբայանը: Կարելի է թերթել այն օրերի հայաստանյան մամուլը. վստահաբար այնտեղ այդ մասին հետաքրքիր հիշատակումներ կգտնվեն: Այն տարիներին Սամվել Բաբայանն Արցախում ուներ գրեթե բացարձակ իշխանություն և վերը թվարկված սպանությունների բացահայտված չլինելու պատասխանատուներից մեկն էլ հենց ինքն է: Բայց, չգիտես ինչու, նա որոշել է այդ մասին խոսել հիմա, այն էլ ոչ թե դատարանում կամ դատախազությունում, այլ նախընտրական հանդիպումների ժամանակ: Բալասանյանն էլ պատասխան հարվածը կառուցել է նույն ոճով: 

Սամվել Բաբայանն Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանը մասնակցելու ցանկություն էր հայտնել, սակայն նա դրա իրավունքը չունի` օրենքի պահանջներին չբավարարելու պատճառով: Վիտալի Բալասանյանն արդեն հայտարարել է, որ ինքը ևս առաջադրվելու է նախագահական ընտրություններում: Քաղաքական մրցակցությունը, սակայն, չի կարող և չպետք է պատճառ դառնա, որ հերոսները գնան ինքնաոչնչացման ճանապարհով: Պարզ ողջախոհությունը հուշում է, որ եթե այսօր հրապարակ է նետվել մի գործիք, որով պետք է փուռը տալ, օրինակ, Վիտալի Բալասանյանին, ապա մի օր այդ նույն մսաղացով հերթական անգամ կանցնի նաև Սամվել Բաբայանը: Նա, հիշեցնենք, ընդամենը հեղափոխությունից հետո է բանտից ազատ արձակվել, մի անգամ էլ Ղարաբաղում էր դատապարտվել: Կյանքը ցույց է տվել, որ օրվա իշխանությունը, անկախ նրանից` Նիկոլ Փաշինյանն է, թե մեկ ուրիշը, Արցախի ներկա կամ ապագա նախագահը, միշտ կարող է Սամվել Բաբայանին հիշեցնել 90-ականների իր անցյալը` Արցախում կատարված սպանությունների հետ առնչություններով հանդերձ: Հետևաբար պետք չէ, որ հերսները քաղաքական գործիք դառնան, թող նրանք շարունակեն մնալ հերոս, գրում է Hayeli.am: