Վահամ Իշխանյան. Քոչարյանի գործի լավ կողմը. դասագրքերը կփրկվեն կեղծիքից

Նիկոլ Փաշինյանը սիրո ու հանդուրժողականության իր խոստումը պահեր, մի բան էլ էնպիսի հանճարեղ կառավարող դառնար, որ ժողովուրդը ամեն գյուղում արձանը դներ
Վահամ Իշխանյան

Վահամ Իշխանյանը ֆեյսբուքում գրել է.

«Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը «սիրո ու հանդուրժողականության» իր խոստումը պահեր, մի բան էլ էնպիսի հանճարեղ կառավարող դառնար, որ ժողովուրդը ամեն գյուղում արձանը դներ, դասագրքեր էր մտնելու «մարտի մեկին բանակը կրակեց խաղաղ ժողովրդի վրա, որի արդյունքում 10 հոգի սպանվեցին» կեղծիքը, և սերունդներ այդ կեղծիքն էին սերտելու։ Չէ, Փաշինյանը, պարզվեց, էնքան ապաշնորհ է, որ դժվար հետևից արձան թողնի, և էնքան եսասեր է, որ իր քինախնդրության խաթեր հասրակությունը մտցրեց ատելության ու անհանդուրժողականության մեջ, մարտի 1-ով էլ սուրբ դուրս գալու համար, Քոչարյանին փակեց, որ արյունը նրա վրա գրի։ Քոչարյանին դատում են պաշտպանության նախարարի 0038 հրամանի և արտակարգ դրություն մտցնելու համար, այսինքն այն երկու քայլերի, որոնք կանխեցին լևոնականներին իշխանությունը զավթել։ Իսկը քաղաքական դատ ու քաղաքական հաշվեհարդար։
Հիմա արդեն Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմը մեղադրանքից պաշտպանվելու համար վեր են հանում մարտի 1-ի այն փաստերը, որ ցույց են տալիս՝ չէ, խաղաղ ցուցարաների վրա կրակ չի բացվել, ցուցարարները գրոհել են, մարտեր են գնացել, դեռ մի բան էլ ցուցարարների մեջից են կրակել։ Արդեն շանս կա, որ կեղծ պատմություն չգրվի։ Այսօր Քոչարյանենք են պահանջում բացահայտել 10 զոհերի սպանությունը, որ մարդկանց հիմարի տեղ մի դրեք, թե չեք կարողանում բացահայտել այն պատճառով, թե իբր պարկուճները փոխված են. երեքը չերեմուխայից են սպանվել, մեկն էլ նռնակից։ Նռնակի պարկուճը ո՞րն է, իսկ չերեմուխայի՞նը։ Եթե անգամ ինչ որ պարկուճ էլ փոխված լիներ, մեկ է, սպանությունը մենակ պարկուճով չեն բացահայտում, հազար մեթոդ կա, որ առանց պարկուճի էլ կարող են բացահայտել։ Իսկ նրանք, որ ժամանակին կոկորդ էին ճղում, թե պահանջում ենք բացահայտել մարտի 1-ը, էլ չեն պահանջում ու մենակ մի բան են ուզում՝՝ Քոչարյանին դատել։ Պարզվեց՝ հեչ պետքները չէր բացահայտումը, ողբերգությունը նրանց միայն պետք էր իշխանության դեմ խոսելու համար։
Իհարկե, դեռ ազդեցությունը թույլ է, դեռ հեղափոխությամբ ուշքը կորցրած զանգվածը ծաղրում է Քոչարյանի փաստերը, թե տեսեք տեսեք, մահացած Գորիկին է վկա բերում, բայց հույս կա, որ դասագրքերը շատ կեղծված չեն լինի։
Բայց Քոչարյա՞նը պիտի ասեր, որ իմանայինք, թե մարտի 1-ին ինչ է եղել։ Լուսնի վրա՞ էինք, չէ՞ինք տեսել, թե մինչև մարտի մեկը ոնց էին լարում մասսաներին, գրգռում՝ ով մեզ հետ չի դավաճան է, տականք է, իսկ մարտի 1-ին էլ հարձակվում ու կրակի տալիս ոստիկանկան կորդոնները։
Մեկ էլ ինչ-որ մեկը կհայտնվի ու փչացած ձայնապնակի պես կկրկնի՝ կրակեցին խաղաղ ժողովրդի վրա։ Հա, ճիշտ, հրեշտակները թևերը ծալած անմեղ կանգնել էին տրոլեյբուսների վրա, մեկ էլ վատերը կրակահերթով էնպես գնդակահրեցին, որ մինչև հիմա սպիտակ բմբուլները օդում թափահարվում են։
Իսկ մամուլը, լրագրողնե՞րը։ Ինչպես Սովետում, լրագրողի հետ խոսում էիր, մի բան էր պատմում, գնում թերթում լրիվ հակառակն էր գրում, Հայաստանում էլ նույնը մարտի մեկի հետ կապված։ Մի լրագրող, ով հիմա թերթի խմբագիր է, ժամանակին ոգևորված պատմում էր թե մարտի 1-ին փողոցային մարտիկները ոնց էին ոստիկաններին հաղթում. էս մեկը, աջ ու ձախ չռփելով, առաջ էր գնում, էն կոնդեցու դեմից սաղ փախնում էին և այլն։ Բայց որպես լրագրող երբեք չգրեց իր տեսածը։ Լավ, ասենք չգրեց, որ փողոցային մարտիկներին վնաս չտա, հանկարծ գործ չբացեն վրաները, բա հիմա ինչի՞ չի գրում։ Փոխարենը մի ամբողջ էջ լցնում է ՝ «սոցցանցերում դատավարության կամ մեղադրյալի մասին արված մեկնաբանությունները», որտեղ միայն Քոչարյանի դեմ խոսքերն է հավաքել, օրինակ. «Ոչ մի բան չեն կարա անեն, Բակոն էլ ա դատվելու Արցախից զորքը բերելու համար», «Ցմաաահ», էլի «ցմահ», էլի «ցմահ», «Հանցագործները հանցագործին են պաշտպանում», «Դատավոր, դուխով», «Ափսոս էն հողը, որի վրա դուք քայլում եք, ափսոս մեր երեխեքը, որ ձեզ են պաշտպանում» (այսինքն Արցախը, քանի որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել)։
Եվ ընդհանրապես, մարտի 1-ը հայ լրագրողների աչքի առաջ է եղել, շատերը տեսել են փողոցային մարտերը, բայց ասողներ գրեթե չկան՝ սուտ է ասում վարչապետը, թե «Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության ութ քաղաքացիներ սպանվեցին, ևս երկու հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացած վերքերից» կամ ԱԱԾ-ի հաղորդագրությունը, թե զորքը կրակել է խաղաղ ցուցարաների վրա, ցուցարները հեչ էլ խաղաղ չէին։ Փոխարենը, լրագրողները ընկած դատարանում Քոչարյանի արտասանած բառերն են հատիկ-հատիկ խոշորացույցի տակ դնում, ու մեկ էլ բացականչում, այ էս մեկը «սուտ է»։
Ժամանակին լրագրող Գայանե Բաբայանը՝ այժմ հանգուցյալ, ով ԼՏՊ-ի աջակիցն էր, միամտաբար մարտի 1-ի մասին ճշմարտությունը գրեց՝ հավանաբար կարծելով, թե լավություն է անում լևոնականներին՝ նկարագրելով, թե ինչ խիզախորեն էին կռվում բռնապետության դեմ։ Չգիտեր, որ կռիվը տանուլ տալուց հետո, նրանք պիտի անմեղ հրեշտակի կերպարանք ընդունեին, որ արյան համար ամբողջ մեղքը բարդեն իշխանության վրա։ Գայանեից մի երկու մեջբերում. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր այնքան հանգիստ, ասես ամեն օր էր այդպիսի լուրեր հայտնել. «Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մյասնիկյանի արձանի ետևի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցեք Մյասնիկյանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք…»:
Մի երիտասարդ տղա` ոստիկանական վահանը ձեռքին, ձեռքը բարձրացրեց ու զեկուցեց. «Պրն Փաշինյան, թույլ տվեք զեկուցել՝ մենք թուրքի դեմ պայքարում երկու բետեռ, 1 փշալարի մեքենա խլեցինք և նրանց քշեցի՛նք…»: ժողովուրդ՝ «ապրե՛ք…»:

Գայանե Բաբայանի ռեպորտաժը տպվել է «Հրապարակում» 2008-ին, հետո կայքից հանվել է՝ հավանաբար, որ այն ժամանակ «մարտի 1»-ի գործում ապացույց չդառնա։ Այժմ կրկին վերահրատարկվել է։ Ռեպորտաժը մեկնաբանությունում»։