Չեն իմանում կովը քանի պտուկ ունի, «Սմարթ գոմեր» են ստեղծում

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը այսօր անդրադարձել է «Սմարթ գոմեր» կառուցելու ծրագրին

Սովետական միության 1980թ.–ների գոմերի 90 տոկոսը խելացի էին։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը անդրադառնալով՝ Հայաստանում «Սմարթ գոմեր» կառուցելու կառավարության ներկայացրած ծրագրին։

Նրա խոսքով ներկայիս կառուցվող «Սմարթ գոմերը» լուրջ խնդիրներ ունեն անվտանգության առումով, քանի որ օգտագործվող բաղադրիչները որակապես շատ թույլ են։

«Երբ որ հարց ենք տալիս, ընկեր շինարարներ, քանի՞ տարի երաշխիքով է սա աշխատելու, չեն կարողանում պատասխանել, քանի որ կարբոնատը 1 տարի հետո կարող է քամին քշի տանի»,– ասաց Բերբերյանը։

Նրա կարծիքով սա կառավարության վարկային ռեսուրսները լվանալու միջոց է։

«Կառավարությունն էլ հովանավորում է այս մարդկանց։ Ի՞նչ հասկանանք, իրար բերան թքա՞ծ են։ Խաղալ այն բանի հետ, որ անորակ շինությունը բերել գյուղացու վրա վարկ ձեւակերպել եւ ասել սա «Սմարթ գո՞մ» է։ Կյանքում գոմ չես տեսել տղա ջան, մի հատ գնա գոմերը տես, նոր ասա սմարթ է, թե՞ չէ։ Չեն իմանում կովը քանի պտուկ ունի, կովի համար շինարարություն են անում»,– եզրափակեց Բերբերյանը։