Սրբուկը հուզիչ գրառում է արել եվրատեսիլյան պարտությունից հետո

Եզրափակիչ փուլ անցան Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Ռուսաստանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները

«Եվրատեսիլ 2019» մրցույթի կիսաեզրափակիչ փուլից հետո Հայաստանի պատվիրակ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) գրառում է արել Facebook սոցիալական ցանցում։

«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել… Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։ Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»,– գրել է նա։

Նշենք, որ երեկ` մայիսի 16-ին, «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչ փուլին մասնակցող Սրբուկը չանցավ եզրափակիչ փուլ։ Նա Թել Ավիվի բեմում ելույթ ունեցավ առաջինը, երգեց Walking out ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան), իսկ բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

Եզրափակիչ փուլ անցան Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները։