Եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, Ամուլսարի ծրագիրը կշարունակվի

Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել

Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական վտանգների ստուգման մասին զեկույցը մայիսի վերջին կտրամադրվի Հայաստանի կառավարությանը, ու դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ է լինելու ծրագրի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել, և հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, կամ այն խնդիրները, որոնք առաջացնում է ընկերությունը, ընկերության կողմից և մեր համար վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»,- ասաց Ավինյանը։

Ինչ վերաբերում է հավանական ներդրողների արձագանքին, Ավինյանը պատասխանեց, որ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ժողովրդի շահերով և հետևություններն անելու է՝ հիմնվելով բնապահպանական ռիսկերի փորձաքննության արդյունքների վրա։